Մատչելիության հղումներ

Գինու արտադրություն Տավուշի Կողբ գյուղում՝ սահմանից մի քանի հարյուր մետր հեռու


Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը, Կողբ, Տավուշի մարզ, 22-ը հոկտեմբերի, 2021թ․
Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը, Կողբ, Տավուշի մարզ, 22-ը հոկտեմբերի, 2021թ․

Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը Տավուշի մարզի Կողբ գյուղում գինու արտադրություն հիմնելիս ստիպված է եղել երեք ամիս, գրեթե ամեն օր, օրական նույնիսկ երկու անգամ հասնել Երևան՝ թույլտվությունների մի հաստափոր թղթապանակ ունենալու և գործը գլուխ բերելու համար։ Ասում է՝ հաճախ չի էլ հասկացել փաստաթղթերի իմաստն ու նշանակությունը, որոնք պահանջել են իրենից։

«Էդ ամեն ինչն արժեցավ երեք ամսվա գիշեր-ցերեկ անքուն աշխատանք, մոտավորապես 10 հազար կիլոմետր ավտոմեքենայի վազք՝ երեք ամսում, սկի տաքսին ստեղ էդքան չի քշում, և այ էսքան դաստա թղթեր, որոնց մի մասը, մեղմ ասեմ, չեմ էլ կարդացել, չգիտեմ ինչի մասին է։ Մի քիչ անեկդոտի ձևով ասեմ՝ նույնիսկ թուղթ են ուզել, որ ես ես եմ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց գործարարը։

Երևանից 200 կիլոմետր հեռու գտնվող Կողբում, անգամ համայնքային կենտրոն Նոյեմբերյանում ոչ մի պետքական գործարք չես անի, ասում է գինու առաջին արտադրանքին սպասող Գագիկ Աղաբաբյանը․ - «Մեր տարածաշրջանի բոլոր նման տիպի ձեռնարկությունները՝ դա կադաստրն է, էլեկտրացանցն է, գազն է, չգիտեմ ով է, ես իրենց անունը դրել եմ փոստատար՝ դրանք բոլորը փոստատարներ են, իրենք ոչ մի ձևակերպման, ոչ մի թղթաբանության իրավունք չունեն»։

Տասնամյակներ շարունակ գինու այլ գործարաններում աշխատած Աղաբաբյանն այս տարեսկզբին է որոշել Կողբում՝ հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռու, բիզնես հիմնել։ Գինի կարտադրեն տարածքի համար բացառիկ՝ «Լալվար» տեսակի խաղողից, նոր այգիներ կհիմնեն, գյուղացիների խաղողը գետնին չի մնա, աշխատատեղեր կստեղծեն ու միջազգային շուկայում մրցունակ արտադրանք կտան, համոզված ասում է սկսնակ գործարարն ու էլի գալիս ներդրողի համար խորդուբորդ ճանապարհին. արդյունքի չէր հասնի, եթե ծանոթ խորհրդատուներ ու պետական համակարգում նախկին գործընկերներ չունենար․ - «Շատ պաշտոնյաներ ինձ ասում էին՝ «դու, ինչ է, ուզում ես երեք ամսում համ որոշես գործարան սարքես, համ էդքան փաստաթղթերը հավաքես, համ էլ ունենա՞ս էդ գործարանը», ասում է՝ «գիտե՞ս, ուրիշները 6 ամսից մի տարի չարչարվում են»։ Ես ասել եմ՝ «այ եթե դուք ցուցանիշ կունենաք, որ մարդը ձեզ դիմել է, ու 24 ժամվա մեջ էդ հարցը լուծել եք, դուք կարող եք պարծենալ, դուք պարծենում եք, որ մարդուն 6 ամիս կամ մի տարի վազեցրել եք էդ թղթի հետևի՞ց, ես չեմ վազելու, ես արագ եմ անելու»։

Գագիկ Աղաբաբյանն ասում է՝ կարողացել է օգտվել գործարարությանն աջակցելու պետական ծրագրերից։ Բայց դա էլ խնդիրների մի առանձին թնջուկ է։ Իշխանավորները Հայաստանում դեռ չեն գնում իրենց խոսքի ու խոստումների ետևից։

Այժմ համարում է, որ հիմնական դժվարությունները ետևում են։ Հույս ունի, որ սրանից հետո ամեն ինչ հարթ կգնա։ Գործարանը «կանաչ գյուղ» է կոչել, ամեն ինչ կանաչ գույնի հիմքով կառուցել, անգամ մարդիկ ներսում կանաչ գույն են ստանում, հույս ունի, որ բիզնեսն էլ կանաչ ճանապարհ կունենա։

«Լալվար» տեսակի խաղողի ողկույզները կախել է կանաչ տանիքի տակ՝ հյութը դուրս գա, քաղցրացած խաղողից բացառիկ գինի է ստանալու՝ ապացուցելու, որ Արարատյան դաշտավայրից ու Արենիից հեռու՝ Կողբում էլ անկրկնելի խմիչք է ստացվում։

«Խաղողի մթերման խնդիրը մեր տարածաշրջանում ավելի սուր է, քան Արարատյան դաշտում։ Արարատյան դաշտում էլի կան լիքը գործարաններ՝ մի տեղ չեն ընդունում, էն մյուս տեղն են ընդունում։ Բայց մեզ մոտ, որպես էդպիսին, գործարան երկու հատ կա՝ բացի էս նորաստեղծ իմ գործարանը», - նշեց Աղաբաբյանը։

Համտեսի գործն ուրիշներին չի վստահում․ առավոտ կանուխ, երբ դեռ մարդու շունչ չի եղել արտադրամասում, գալիս, իր ձեռքով տակառներից մի-մի բաժակ գինի է հանում, համը գնահատում ու գործի անցնում։

Այս տարի արդեն 70 տոննա խաղող է մթերել, ասում է՝ սահմանամերձ Կողբում արտադրությունը զարգացնելու դեռ շատ ծրագրեր ունի։ Համաձայն չէ պնդումներին, թե պատերազմից հետո գործ դնելն, այն էլ՝ սահմանի բերանին, ռիսկային է։ Ասում է՝ երբեք չի մտածել, որ Կողբը Հայաստանի կենտրոն չէ։ «Հակառակը, պատկերացնում եմ, որ մենք ենք կենտրոնը, ու Հայաստանի սահմանը Երևանի հրապարակից է սկսվում», - ասում է նոր արտադրություն հիմնած գործարարը։

«Էն վերջին երևացող սարը սահմանն է։ Այսինքն՝ մեր աշխարհագրական դիրքն այնպես է, որ ամբողջ Հայաստանն էսօր սահման է։ Հիմա ի՞նչ, մտածենք, որ Հայաստանը սահման է, սահմանամերձ ենք, մենք էլ թույլ ենք, մենք բիզնես չհիմնադրե՞նք։ Չէ, մեր աշխատանքով, մեր տնտեսության զարգացմամբ մենք պետք է հասնենք նրան, որ մեր երկիրը զարգացնենք», - վստահ է Գագիկ Աղաջանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG