Մատչելիության հղումներ

«Ճանապարհաշինական աշխատանքներ կատարելիս անվտանգության տարրական նորմերը չեն պահպանվում». վարորդների շահերի պաշտպան


Տիգրան Քեհյան, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար
Տիգրան Քեհյան, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեհյանը երեք տարի է շրջանցում է Գյումրի - Երեւան ճանապարհի այն հատվածը, որտեղ երեկ ողբերգական ավտովթար եղավ։

«Այդ հատվածը անմխիթար վիճակում է», - ասում է Քեհյանը։

Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի խաչմերուկում երեկվա ավտովթարի հետևանքով 5 մարդ մահացել է, 17-ը տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Վեցը դեռ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Մինչև մի դեպք չի լինում, մենք չենք հասկանում, որ այդ հատվածում ինչ-որ խնդիր կա։ Երեք տարուց ավելի է, ինչ շինարարություն չի իրականացվում այդ հատվածում, բայց ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Այսինքն՝ անվտանգության առումով ոչ մի հսկողություն չի կատարվում և փոփոխություն չի արվում», - նշում է Քեհյանը։

Այն, որ ճանապարհի այս հատվածը վտանգավոր է, 20 օր առաջ Գլխավոր դատախազությունում քննարկել են նաև իրավասու մարմինները։ Երեկ ողբերգությունից ժամեր անց Գլխավոր դատախազությունից հայտարարեցին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհային ոստիկանության, Քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ հարցը դեռ հոկտեմբերի 1-ին են քննարկել, որ այս հատվածում երթևեկությունը խնդրահարույց է, սահմանափակող և նախազգուշացնող նշաններ չկան, պահպանված չեն եղել ճանապարհաշինական համապատասխան նորմերը։ Խնդիրը հրատապ չեզոքացնելու որոշում են ընդունել։

Երեք շաբաթ անց հրատապ լուծման ենթակա խնդիրը դեռ լուծված չէր։ Թե ինչու չեն լուծել, Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատության» հարցին դեռ չեն պատասխանել։

«Ինչո՞ւ են հոկտեմբերի 1-ին եկել խոսացել, ինչո՞ւ են խոսացել, ինչո՞ւ չեն աշխատել։ Միշտ էլ կարող են խոսել... Կարող էին ասել՝ հունվարին էլ ենք ուզեցել խոսանք, չի ստացվել, կար կորոնավիրուս, չէինք կարում խոսայինք, պատերազմ էր, չէինք կարում խոսայինք...
Այսինքն՝ խոսալով հարցը չի լուծվում։ Պետք է գործ անեն, պետք է աշխատեն», - ասում է «Վարորդի ընկեր» կազմակերպության ղեկավարը։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի միայն այդ հատվածը չէ, որ անմխիթար վիճակում է։ Վարորդների շահերի պաշտպան Տիգրան Քեյանը շեշտում է՝ հանրապետությունով մեկ որտեղ շինաշխատանանքեր են, վթարի ռիսկը բարձր է։ Անվտանգության տարրական կանոները չեն պահպանվում։ Թե' միջմարզային ճանապարհներին, թե' Երևանի փողոցներում գրեթե նույն վիճակն է. - «Տարածքային կառավարման նախարարությունն է, մարզպետարաններն են, ովքեր որ պատասխանատու են այդ ճանապարհի վիճակի համար, էդ կառույցները պատասխանատվություն պետք է կրեն»։

Երեկվա ավտովթարի դեպքով քրեական գործ է հարուցվել, կասկածյալներ գործում դեռ չկան։ 59-ամյա վարորդը նույնպես մահացել է։

Պաշտոնական տվյալներով, ճանապարհային պատահարներից անցած տարի 348 մարդ է մահացել, այս տարվա ինը ամիսներին՝ 273։ Տիգրան Քեյանի խոսքով, երթևեկության կարգավորման քննարկումները Հայաստանում ակտիվանում են հիմնականում ողբերգական դեպքերից հետո ու մարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG