ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է գումարելու, որի օրակարգում Հյուսիսային Կորեայում միջմայրցամաքային հրթիռների հերթական փորձարկումն է: Այս անգամ հյուսիսկորեացիները հրթիռն արձակել են ռազմական սուզանավից՝ ստորջրյա դիրքից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կգումարվի Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների պահանջով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած մի շարք բանաձևերով Հյուսիսային Կորեան չունի հրթիռներ փորձարկելու իրավունք և արգելքը խախտելու դեպքում կարող է ենթարկվել տարատեսակ պատժամիջոցների:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ «երկրի զինվորականները հաջողությամբ փորձարկել են թռիչքի կառավարման գերարդիական սարքավորումներով հագեցված նոր տեսակի միջմայրցամաքային հրթիռ»:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն իր հաղորդագրությունում նշել է, որ նոր փորձարկումը կբարձրացնի «երկրի ռազմածովային ուժերի ստորջրյա օպերացիաներ իրականացնելու պոտենցիալ հնարավորությունները»:
Պաշտոնական Փհենյանը նաև ընդգծել է, որ դա վերջին երկու տարվա ընթացքում նման զենքի առաջին փորձարկումն է: