Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանին վերանայել ՄԻՊ գրասենյակին առնչվող փոփոխությունները


Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանին խորհուրդ է տալիս՝ վերանայել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առնչվող փոփոխությունները՝ նկատելով, որ հին կարգավորումները, ի տարբերություն նորերի, համապատասխանում էին միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտին էր դիմել հանձնաժողովին, ինչից հետո հոկտեմբերի 15-16-ին Վենետիկի փորձագետները նիստ են անցկացրել, ապա հրապարակել եզրակացությունը՝ խորհուրդներով։

Հանձնաժողովը նախ նկատում է, որ Հայաստանի պաշտպանի ինստիտուտը միջազգային դասակարգմամբ՝ բարձր, A կարգավիճակ ունի, գործունեության երկարամյա փորձ և կարևոր կառույց է՝ երկրում օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։

Փորձագետները շարունակում են՝ պաշտպանի գրասենյակին առնչվող փոփոխությունները, ըստ որոնց, քաղծառայության մասին կարգավորումները տարածվում են նաև օմբուդսմենի գրասենյակի վրա, հակասում են նույն օրենքի 39-րդ հոդվածին (Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումը և ղեկավարումը): Դրա հետևանքով գրասենյակը կորցնում է լիակատար անկախությունը իր անձնակազմին վերաբերող հարցերում։

Վենետիկի փորձագետները պարզաբանում են, որ օրենքով պարտադիր օմբուդսմենի անկախությունը չափվում է գրասենյակի ղեկավարի, աշխատակազմի և բյուջեի անկախությամբ՝ և՛ դրա ծավալի, և՛ կառավարման տեսանկյունից։

«2020 թվականին նախաձեռնված փոփոխությունները թեև նպատակ են ունեցել ողջ քաղծառայության համակարգը միավորելու, այնուամենայնիվ զգալիորեն նվազեցնում են օմբուդսմենի գրասենյակի անկախությունը՝ աշխատակազմի անկախ լինելու, պաշտպանի՝ նոր աշխատողներ ընդունելու և անկախ քաղաքականություն վարելու տեսանկյունից։ 2020 թվականի ռեֆորմը չի ըմբռնում գրասենյակի յուրահատուկ կարգավիճակը՝ և՛ միջազգային չափանիշների, և՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի տեսանկյունից։ Այս չափանիշներով օմբուդսմենի գրասենյակը չի կարելի դասել միավորված քաղծառայության համակարգի մի մաս», - ասված է հրապարկված կարծիքում։

Փորձագետները մի քանի անգամ շեշտում են, որ աշխատողների առաջխաղացումը, նրանց աշխատավարձի որոշումը, պաշտոնը կառույցի ներսում, նոր աշխատողների ներգրավումն ու վերապատաստումները, հարցեր են, որոնք ուղիղ առնչություն ունեն կառույցի անկախության հետ, ավելին՝ գրասենյակի անկախության երաշխիքներից են։

Ըստ հրապարակված կարծիքի, միջազգային չափանիշները պահանջում են գրասենյակի ամբողջական անկախություն, այդ թվում՝ ֆինանսական հարցերում։ Արդյունքում հանձնաժողովը խորհուրդ է տալիս՝ խուսափել այնպիսի իրավիճակից, որ սեփական աշխատակազմին վերաբերող հարցերում օմբուդսմենը ենթակա չլինի որևէ պետական կառույցի, հատկապես գործադիր իշխանությանը։ Այս դեպքում խոսքը վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և դրա մշակած կարգավորումների մասին է։

XS
SM
MD
LG