Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին
Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 187 միլիոն 250 հազար դրամ, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամ, ինչպես նաև նույն վայրում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5 միլիոն 880 հազար 400 դրամ:
Իրավասու մարմինը պահանջել է նաև Հարությունյանից բռնագանձել Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8 միլիոն դրամ, «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 դրամ, «BMW X6 XDRIVE 3.5 I» ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990 հազար դրամ, «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215 միլիոն 707 հազար 500 դրամ և 14 միլիոն 361 հազար 672 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Ինչպես նաև պահանջ է ներկայացվել Հարություն Հարությունյանից, որպես Սերոբ Հարությունյանին պատկանող գույքեր բռնագանձել Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 34 միլիոն 700 հազար դրամ և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11 միլոին 250 հազար դրամ։