Մատչելիության հղումներ

Գյումրիում տրվեց Բարեկամության զբոսայգու շինարարության մեկնարկը


Առաջիկա երկու տարում Գյումրին իր նմանը չունեցող նոր՝ Բարեկամության զբոսայգի կունենա՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ։ Շինարարության մեկնարկը տրվեց:

Արժեքը գնահատվում է մոտ 12 միլիոն դոլար, որի մի մասը տրամադրել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը, մի մասը՝ Կառավարությունը:

Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց՝ սա հանրայինի ու մասնավորի համագործակցության խոստումնալից մոդել է, որը կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։

«Մեզ համար շատ կարևոր է, որ բացի ֆինանսավորման հարցերը լուծելուց, որ մասնակցեն տարբեր երկրներից տարբեր մարդիկ, որովհետև սա ընկերության այգի է, և գաղափարը, որ մենք փորձում ենք իրականացնել, որ տարբեր մարդիկ, [...] մեր ընկերները տարբեր ուրիշ երկրներից ինչ-որ լումա ունենան այս պարկի մեջ», - հայտարարեց Վարդանյանը՝ հավելելով, որ սա «շատ ամբիցիոզ պրոյեկտ է և շատ դժվար պրոյեկտ է». - «Որովհետև մի հոգի չի տերը պրոյեկտի՝ սա համագործակցության մի նոր բանաձև է, որ մենք Հայաստանում շատ դժվար ենք իրականացնում: Սա ընկերություն է՝ որպես սիմվոլիկ, համ իսկապես համագործակցություն է և՛ համայնքի, և՛ Կառավարության, և՛ մասնավոր, և՛ համաշխարհային կազմակերպությունների»:

Նա հայտնեց, որ շինարարությունը պլանավորում էին սկսել 2020 թվականին, բայց տարբեր պատճառներով՝ համավարակի, պատերազմի, պրոյեկտի ոչ պատրաստ լինելու, «մոտավորապես մի տարի ձգվեց սկիզբը աշխատանքի»:

«Եթե անելու ես, պիտի կա՛մ շատ լավ անես, կա՛մ չանես: Եկեք ավելի լավ է անենք այնպես, որ դա իսկապես դառնա օրինակ աշխարհի համար՝ ոչ թե մենակ Հայաստանի կամ Գյումրիի համար, և երկրորդը՝ ես ուզում եմ ամեն ինչ անենք մենք, որ գյումրեցիները զգան, որ սա իրենց այգին է, [...] իրենք պիտի զգան, իրենց միջով պիտի անցնի այդ այգին, իրենց պիտի ոգին մեջը լինի գյումրեցու», - ասաց Ռուբեն Վարդանյանը:

Այգին, ըստ նախագծի, պարիսպներ չի ունենալու, բաց է լինելու ամառ թե ձմեռ։ Մոտ 7 հեկտարանոց տարածքի գերակշիռ մասը կանաչ գոտի է լինելու, որտեղ 700-ից ավելի տեսակ ծառ ու թուփ է տնկվելու: Մյուս հատվածներում կլինեն խաղահրապարակներ ու կրթական ծրագրերի համար նախատեսված գոտիներ: Այգու ատրակցիոններն արդեն իսկ հիմնականում ներկրված և պահեստավորված են Գյումրիում։

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ ծրագիրը երեք կողմերի համատեղ աշխատանքի արդյունք է: «Մոտ 900 միլիոն դրամի աշխատանքներ կարվեն, և այգու հարակից տարածքը ամբողջովին կբարեկարգվի, կից ենթակառուցվածքները՝ գրեթե բոլոր ուղղություններով, և մյուս աշխատանքները արդեն հիմնադրամով կիրականացվեն: 7,2 հեկտար քաղաքը հատկացրել է այգու համար, և կունենանք շատ գեղեցիկ այգի: Սա երեք կողմերի համատեղ աշխատանք է», - նշեց Սանոսյանը:

Այս տարածքը 2005 թվականին՝ Գյումրիի նախին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք, հատկացվել էր երկրաշարժի զոհերի հուշահամալիր կառուցելու համար: Այն տարիներին անգամ մրցույթ էր հայտարարվել, հանգանակություն կազմակերպվել, բայց սայլը տեղից չէր շարժվել։ Արդյունքում, տարիների ընթացքում տարածքը վերածվել էր տնակային ավանի։ Մինչև վերջերս այստեղ մոտ երկու տասնյակ գյումրեցի ընտանիքներ էին ապրում, որոնք բնակարան են ստացել՝ բարեգործական հիմնադրամի միջոցներով։

XS
SM
MD
LG