Մատչելիության հղումներ

Երեխաների ներկայությամբ նրանց հոր նկատմամբ ուժի գործադրումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է. ՄԻՊ


Ոստիկանները բերման են ենթարկում Վազգեն Ռաֆայելյանին
Ոստիկանները բերման են ենթարկում Վազգեն Ռաֆայելյանին

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել երկու օր առաջ մայրաքաղաքում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքի կապակցությամբ։

Երևանցի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելուն ներկա էին նրա երեք անչափահաս երեխաները, որոնք այդ գործողության ընթացքում ծանր վիճակում էին հայտնվել։

«Քաշեցին ոստիկանները միանգամից շրջափակեցին կողքերից, երեխային քաշեցին տարան, ինձ էլ քարշ տալով տարան, հարվածելով պառկացրեցին ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցրեցին։ Ոչ լսում էին, նույնիսկ չէին թողնում, որ ես երեխաների մոտ գնամ... նույնիսկ դա չէին թողնում», - պատմում է Ռաֆայելյանը։

Ոստիկանները քաղաքապետարանի աշխատակիցների հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին՝ Վազգեն Ռաֆայելյանի կառուցած ինքնակամ շինության քանդման աշխատանքներն իրականացնելու համար։

Ապօրինի շինությունը ապամոնտաժվել է քաղաքացուն բերման ենթարկելուց հետո։

Քաղաքապետարանի պնդմամբ՝ ուժ կիրառվել է, երբ Ռաֆայելյանը հրաժարվել է ենթարկվել օրինական պահանջին, դիմադրել է, հայհոյել աշխատակիցներին։ Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքացուն 3 ամիս առաջ են տեղեկացրել ապօրինի կառույցի քանդման մասին։ Տարածքում ավտոպահեստամասեր էին պահվում, այստեղ է աշխատել ավտոմեխանիկ Ռաֆայելյանը։

«Հենց ինձ տանում են, միանգամից տանելուց հետո երեխաների աչքի դեմը տրակտորը մտնում ա, սկսում ա քանդելը։ Էս արդեն ինձ հետաքրքիր չի, էրեխեքն են ինձ հետաքրքիր... շատ վատ բանի են ականատես եղել», - ասաց նա։

Ոստիկանների գործողությունները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա անչափահաս երեխաների իրավունքները, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ դատապարտելով երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումը, այն էլ՝ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև նրանց աչքի առջև բռնության գործադրումը հոր նկատմամբ:

Օմբուդսմենի օգնական Մարինե Ավագյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երեխաները սթրեսի են ենթարկվել, ողջ ընթացքում լաց են եղել, չի ապահովվել նրանց անվտանգությունը. - «Երեխաներին հատկապես վախեցրել է մեծ թվով ոստիկանների ներկայությունը այնտեղ։ Ոստիկաններից ոմանք զինված են եղել, և այդ զենքերը ակնհայտորեն տեսանելի են եղել երեխաների համար։ Դա ավելի է վախեցրել երեխաներին։ Ամբողջ այդ գործընթացի ժամանակ, երեխաների այնտեղ գտնվելու հանգամանքը հաշվի առնելով, ներգրավված չեն եղել , օրիկնա, հոգեբան կամ մնակավարժ, որպեսզի համապատասխան աշխատանքներ տարվեր երեխաների հետ։ Խնդրահարույց է ի սկզբանե երեխաների՝ ինչպես ապամոնտաժման աշխատանքներին նախորդող, այնպես էլ ապամոնտաժման ընթացքում այնտեղ գտնվելու հանգամանքը»։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Ոստիկանների գործողությունները անհամաչափ է համարում նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը. - «Եթե նույնիսկ ինչ-որ գործողություն պետք է կատարեն, նախ 40-50 ոստիկանի ուղեկցությամբ մեկ-երկու անձի բերման ենթարկելը անհամաչափ է»։

Ըստ իրավապաշտպանի, ոստիկանական համակարգը ամբողջությամբ արմատական փոփոխության չի ենթարկվել, ինչի պատճառով էլ շարունակվում են նման դեպքերը։ Բարեփոխումներն իրականացվում են չբարեփոխված ոստիկանական համակարգում. - «Արդյո՞ք ոստիկանությունը, ներկա համակարգը՝ հանձինս ոստիկանապետի, շահագրգիռ են այդ բարեփոխումների իրականացման մեջ, որի համար կառավարությունը ահռելի միջոցներ է ներդնում։ Եթե շահագրգռությունը կա, եթե ձգտումը կա, եթե գիտակցումը կա, ապա պետք է որ այդ վարքագիծը, որը մենք տեսնում ենք այդ հայտնի տեսանյութում, Մարց գյուղում, նաև Գորոդոկի դեպքերում, նաև այլ դեպքերում, ապա դրանք չպետք է լինեին»։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրին, համացանցում տարածված տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG