Հոկտեմբերի վերջին Հռոմում սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպմանն ընդառաջ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է մնում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը: Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականի սյունակագիր Լորա Պիտելն իր հոդվածում անդրադարձել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական համակարգերի առք ու վաճառքի հարցում առաջացած տարաձայնություններին: Պիտելը գրում է, թե Թուրքիայի՝ մարտական ինքնաթիռների պահանջը նախագահ Բայդենին փակուղու մեջ է դրել:
2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: Թուրքիան մինչ օրս չի ստացել գնված շուրջ 100 կործանիչները՝ փաստորեն մնալով առանց նոր սերնդի այս մարտական ինքնաթիռների:
«Թուրքիան նպատակ ունի ստեղծել սեփական արտադրության կործանիչներ: Բայց քանի դեռ այդ ծրագիրը հեռավոր ապագայի հարց է, Թուրքիան ձգտում է այդ բացը լրացնել գոնե F-16 համակարգեր գնելով»,- նշում է հոդվածագիրը:
Պատահական չէ, որ անցած շաբաթ Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Reuters-ի փոխանցմամբ` միլիարդավոր դոլարներ գնահատվող գործարքը դեռ ուսումնասիրվում է Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Միացյալ Նահանգների վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական S-400-ի գնման հետ, և չի բացառվում, որ նույնիսկ գործարքի հաստատման դեպքում Կոնգրեսը կարող է արգելափակել այն:
«Այս նոր գործարքը երկու կողմի համար էլ շահավետ է. Թուրքիան կարող է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը այն ժամանակ, երբ հարևան Հունաստանը ֆրանսիական Rafale և ամերիկյան F-35-ով է զինվում: Թուրքիայի գնած S-400 համակարգերն ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչների համար վտանգ են ներկայացնում, իսկ ահա ավելի հին F-16-ի դեպքում նման խնդիր չի առաջանա: ԱՄՆ-ն կարող է մեծ շահույթ ստանալ այս գործարքից, միևնույն ժամանակ մեղմել լարվածությունը արևմտյան դաշնակիցների հետ, որոնց անհանգստացնում է ռուս-թուրքական մերձեցումը»,- գրում է Պիտելը:
Հոդվածագրի կարծիքով` եթե Բայդենի վարչակարգը F-16-ի գործարքի հարցում պաշտպանի Էրդողանի շահերը, Թուրքիան միևնույն է` չի հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերական համագործակցությունից: Թուրքիայի նախագահը իր այս դիրքորոշման մասին վերջերս խոսել էր CBS News-ին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, թե ոչ ոք չի կարող միջամտել պաշտպանական համակարգերի գնման հարցում Անկարայի որոշումներին:
«Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը որոշի հրաժարվել Թուրքիային F-16 վաճառել, ապա սա նոր պատրվակ կլինի Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների խորացման համար: Այս սցենարը ցանկալի չէ նաև Թուրքիայի համար, քանի որ իր հետ կբերի ամերիկյան նոր պատժամիջոցներ և կվնասի թուրքական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը»,- նշում է Financial Times-ի սյունակագիրը:
Նա չի բացառում՝ եթե Թուրքիան այլ ելք չունենա, ապա կարող է այս բացը լրացնել` գնելով ռուսական կամ չինական կործանիչներ: 2019-ին Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավիաշոու դիտելիս Էրդողանը հետաքրքրվել էր ռուսական СУ-57 կործանիչներով: Արևմուտքում անհանգստացած են, որ Էրդողանը կարող է իսկապես լուրջ քայլեր կատարել այս հարցում:
«Կառնեգի» հիմնադրամի եվրոպական գրասենյակի փորձագետ Մարկ Պիերինին, գրելով ռազմական ոլորտում Էրդողանի վարչակարգի քաղաքականության մասին, նշում է, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող միաժամանակ երկու ճամբարում գտնվել՝ այդպիսով վտանգելով երկրի կայունությունը« «Թուրքիան մեծ ռիսկի է գնում և ստիպված է ցավոտ ընտրություն կատարել»: