Քրեական օրենսգրքում վերջերս ավելացված 137.1՝ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով հուլիսի 30-ից ի վեր արդեն մոտ մեկ տասնյակ քրեական գործեր են հարուցվել։
Արդյո՞ք հարուցված քրեական բոլոր գործերը առնչվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոստիկանությունից չեն հայտնում՝ նշելով, թե նախաքննական գաղտնիք է։
Ավան-Նոր Նորքի քննչական բաժնում, օրինակ, ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով արդեն մի քանի քրեական գործեր են քննվում։ Դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի հասցեին սոցցանցերում արված (ըստ իրավապահների, նաև սեռական բնույթի) հայհոյանքներ են եղել։
Ավագ քննիչ Սարգիս Պապոյանի խոսքով, քրեական գործերից մեկով արդեն կա կասկածյալ. Երևանի բնակչուհին ֆեյսբուքյան իր անձնական էջում տեղադրել է վարչապետի լուսանկարը և նրան ուղղված վիրավորանք պարունակող գրառում արել. - «Անձը հայտնել է, որ իր՝ ծանր վիրավորանք պարունակող գրառման պատճառը հանդիսացել է երկրում տիրող սահմանային իրավիճակը»։
Մեկ այլ գործով հենց Փաշինյանի լուսանկարի ներքո է արված հայհոյանք պարունակող գրառումը։ Կատարողը, սակայն, դեռ չի հայտնաբերվել։
Նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որով քրեականացվեց անպարկեշտ խոսքն ու հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:
Ինչպե՞ս են իրավապահները տարբերակում, թե որ բառերը կամ արտահայատություններն են համարվում ծանր վիրավորանք կամ անպարկեշտ նախադասություն, կա՞ն արդյոք բառեր ու բառակապակցություններ, որոնք արգելված են կամ թույլատրելի և որոնց համար պատասխանատվության չես ենթարկվի։
«Նշեմ, որ ինչ-որ առանձնացված չկան կոնկրետ բառեր կամ բառերի շարք, որ պետք է առանաձնացնել, որ սրանք պարունակում են ծանր վիրավորանքներ, սրանք չեն պարունակում։ Նշեմ, որ սույն քրեական գործերով անձինք կատարել են վիրավորանքներ, այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետին, որոնք վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ դրանք համարվում են ծանր վիրավորանքներ», - պարզաբանեց Պապոյանը։
Ոստիկանությունից նույն հարցին հետևյալ կերպ են պատասխանել. - «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու հատկանիշների առկայության մասին ոստիկանությունը եզրահանգում է՝ ելնելով նշված բառերի և արտահայտությունների մեկնաբանությունից»։
Հայհոյանքը քրեականացնելու նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Այս օրենքը քննադատեցին իրավապաշտպանները, լրագրողական կազմակերպությունները. Իսկ վերջերս հեղինակավոր Freedom House-ը Հայաստանի իշխանություններին կոչ արեց անհապաղ դադարեցնել դրա կիրարկումը՝ այն համարելով ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում։
Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ամենևին էլ չի կարծում, որ խոսքի ազատությունը դրանով սահմանափակվում է. - «Այսինքն երեխան, որ պետք է մտնի, կարդա, որ քաղաքական գործչին մեկը սեռական բնույթի հայհոյանք է տալիս համացանցում, դա խոսքի ազատությո՞ւն է։ Իմ համար մեր երկրում դա խոսքի ազատություն չի։ Այո, ռուսերենում կամ անգլերենում միգուցե սեռական բնույթի հայհոյանքը էդ նշանակություն չունի, նույնիսկ իրենց խոսույթի մեջ դա կարող են օգտագործել։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում, մեր ավանդույթները»...
Այս օրենքը ստեղծվել է կոնկրետ խմբի՝ բարձրագույն պաշտոնյաների շահերը պաշտպանելու համար, կարծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը. - «Փաստացի մենք տեսնում ենք, որ օրենքը ծառայում է բարձրագույն իշխանական դիրքերում կանգնած պաշտոնյաների հանդեպ գրառումների մանրազնին դիտարկմանը, իսկ այլ հանրային գործունեությամբ զբաղվողների, այդ թվում իրավապաշտպանների, լրագրողների, հանրային տարբեր գործիչների նկատմամբ բացահայտ հայհոյախառն ու բացահայտ սպառնալից վերաբերմունքը բոլորովին իրավապահ մարմինների կողմից չի դիտարկվում, մանրադիտակի տակ չի առնվում»։
Իրավապաշտպանը ևս պնդում է՝ այսպիսի իրավական նորմ ընդունելու անհրաժեշտություն ոչ միայն չկար, այլև կա շատ մեծ վտանգ, որ այն կվնասի խոսքի ազատությանը. - «Թե ինչ է իրենից ներկայացնում անձին վիրավորական արտահայտություն, այդ ձևակերպումը շատ լղոզված արտահայտություն է, որովհետև շատ դժվար կլինի դատարանում ապացուցել, թե կոնկրետ այս արտահայտությունը իսկապես ծանր վիրավորանք է պարունակում, թե ձանր վիրավորանք իր մեջ չի արտահայտում։ Շատ կարևոր է դա հասկանալ, և իրավապաշտպան կազմակերպությունները, մատնանշելով նաև իրավական որաշակիության սկզբունքը նորմերի, մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը առկա է տվյալ նորմում»։
Չնայած միջազգային և տեղական իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունների քննադատությանը՝ իշխող կուսակցությունը մի քանի ամիս առաջ ուժի մեջ մտած օրենքը առայժմ վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում։