Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ, այս մասին հայտարարել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Ռազմական դաշինքում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը, Զայնետդինովի խոսքով, պայմանավորված է ՀԱՊԿ-ի նախագահությունը 2021-2022 թվականներին ռոտացիոն կարգով Տաջիկստանից Հայաստանին փոխանցմամբ։
Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին, մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը զբաղվում է դաշինքի ներսում ընդունված որոշումների իրականացման հարցում փոխգործակցության համակարգմամբ։