Աֆղանստանի Կունդուզ նահանգում շիա մահմեդականների մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր։ Պակիստանյան և աֆղանական լրատվամիջոցների տվյալներով` զոհերի թիվը կարող է հասնել մինչև հարյուրը։
Ըստ ականատեսների` պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել։ Կունդուզը գտնվում է Աֆղանստանի հյուսիսում, շրջանը սահմանակցում է Տաջիկստանին։
Մի քանի օր առաջ էլ պայթյուն էր տեղի ունեցել Քաբուլի մզկիթներից մեկում, որի հետևանքով զոհվել էր հինգ մարդ։ Հարձակման մեջ կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Օգոստոսին ամերիկյան և դաշնակից զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում իշխանությունը գրավել է «Թալիբան» շարժումը, որի կառավարման ընթացքում երկրում ակտիվացել են «Իսլամական պետության» ջիհադիստները։