Հայաստանում բանկային տեղական և միջազգային՝ մաստեր, վիզա և այլ քարտեր սպասարկող «ԱրՔա» ընկերությունը վերջին օրերին տեխնիկական խնդիրներ ուներ, ինչի պատճառով շատ քարտատերերի չի հաջողվել իրականացնել վճարման կամ գումարի փոխանցման գործարքներ։ Նրանցից մեկը Լիլիթ Հարությունյանն է, որն իր մաստեր քարտից չի կարողացել օգտվել 4 օր շարունակ։
«Ես ուրբաթ օրը փոխանցում էի անում Հայաստանի այլ բանկ` իմ հաշվից այլ հաշիվ, և այդ գործարքը կանգնեց: 4 օր կանգնած էր, երկուշաբթի առավոտյան ինձ եկավ բանկից նամակ, որ իմ գործարքը մերժվել է, հետո երկրորդ անգամ արեցի, եղավ գործարքը: Բայց այդ ընթացքում` շաբաթ-կիրակիի ընթացքում ես ուզում էի քարտով վճարումներ անել խանութում, խանութները չէին վերցնում, որովհետև ասում էին, որ մեզ զգուշացրել են, որ գործարքները չեն լինում, և մենք չենք կարող կանխիկով վճարում կատարել: Ես ասում էի` լավ, ասենք ես չունեմ կանխիկ գումար, ի՞նչ եք անելու, ինձ թողնելո՞ւ եք առանց հացի», - պատմում է նա:
Իր քարտը սպասարկող բանկի հետ Լիլիթ Հարությունյանը կարողացել է կապ հաստատել միայն երկուշաբթի, բանկից նշել են, որ խնդիրն առաջացել է «ԱրՔա» համակարգում և կապ չունի առանձին բանկերի հետ։ «ԱրՔա» ընկերությունը ինքն էլ չթաքցրեց՝ խնդիրն իրենցն էր, բացահայտել ու շտկել են, մինչ այդ տևական ժամանակ հարյուր հազարավոր քարտատերեր ստիպված են եղել չեղարկել օնլայն գնումներն ու անկանխիկ այլ վճարումները:
«Ամսի 1-ից սկսած բացարձակ «ԱրՔա»-ով խնդիր է եղել», - ասում է մեկ այլ քաղաքացի:
Ցանկացած գործարքի դեպքում հաճախորդին կարճ հաղորդագրություն ուղարկող համակարգը խափանման ժամանակ չէր տեղեկացրել քարտատերերին խնդիրների մասին, մինչև հիմա «ԱրՔա»-ի կայքում խափանումների մասին ոչինչ չկա, այնուամենայնիվ որոշ բանկեր հաճախորդներին նամակով զգուշացրել էին, իսկ բանկերի մեծ մասը՝ ոչ։ «ԱրՔա»-ից հրաժարվեցին «Ազատությանը» հարցազրույց տալ: Հայաստանի հարյուր հազարվոր քարտատերերի սպասարկող ընկերությունը միայն գրավոր և հակիրճ պատասխանեց. «Համակարգում գրանցված խափանումները կապված էին գործարքների մշակման ընթացքում տեխնիկական խնդիրների հետ, պատճառները բացահայտվել են և շտկվել»։
«Համեմատենք երկու օր առաջ Ֆեյսբուքի shut down-ի հետ. նա մասնավոր կազմակերպություն է, բայց էլի հանդես եկան, ներողություն խնդրեցին, ասացին, որ մենք դա հաշվի կառնենք, կփորձենք նման խնդիրներ… մենք որևէ նման բան չլսեցինք, այնինչ ամբողջ պետության կտրվածքով դա պետական քաղաքականության մի մաս է, որևէ մի պաշտոնյա չասաց», - հավելում է Լիլիթ Հարությունյանը:
Խնդիրն այստեղ քանակի մեջ չի, այդ առումով մենք ապահով ենք. ԿԲ
Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում կա թողարկված ավելի քան 2 միլիոն բանկային քարտ, որից ակտիվ կիրառվում են 700 հազարը, անկանխիկ գործարքների քանակն էլ վերջին տարիներին սրընթաց աճում է, այս տարի միայն առաջին կիսամյակում իրականացված անկանխիկ գործարքների թիվը գերազանցել է 32 միլիոնը, որը Հայաստանի համար ռեկորդային ցուցանիշ է։ Անցյալ կառավարության նիստին գործադիրը նախագիծ ընդունեց՝ էլ ավելի խրախուսելու անկանխիկ գործարքները։
«Սա երկարատև քննարկումների արդյունքում կայացրած քաղաքական որոշում է, որը հերթական, բայց վերջին քայլը չէ, և մենք պետք է ամեն ինչ անենք ՀՀ-ում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար», - այսպես էր մեկնաբանել վարչապետը:
Այս զրույցից ընդամենը 1 օր անց հայկական քարտերը սպասարկող «ԱրՔա» համակարգում առաջացան խնդիրներ։ Հնարավո՞ր է արդյոք, որ անկանխիկ գործարքների ծավալի ու քանակին զուգահեռ նման խնդիրներ ավելի հաճախ առաջանան։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը ցրում է այս մտահոգությունները. «Եթե 2017-2020 թվականները նայենք, գործարքները` ինտերնետ առևտուր և այլն, տասնյակ անգամներ են աճել, և համակարգն ի սկզբանե նախատեսված էր անգամներ ավելի սպասարկելու և կարող է սպասարկել: Խնդիրն այստեղ քանակի մեջ չի, այդ առումով մենք ապահով ենք: Այսօր վայրկյանում հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր, գործարքներ են լինում պիկերի ժամանակ»:
2000 թվականից գործող «ԱրՔա» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանի մի քանի առևտրային բանկերի ու Կենտրոնական բանկի կողմից: «ԱրՔա»-ն վերահսկվում է և զարգանում պետական հսկողության ներքո, վստահեցնում է Աբրահամյանը։ Արդյո՞ք ընկերությունն իր ոլորտում մենաշնորհ չունի, ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ իրենք կիրառում են աշխարհում ընդունված ու արդեն ստուգված փորձը։
«Նախ Հայաստանի պես փոքր երկրում նման ենթակառուցվածքի զուգահեռ ունենալոը, որը կկրկնի նույն ամեն գործառույթը, նպատակահարմար չի: Մենք շուրջ 10 տարի առաջ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ վարձեցինք և փորձեցինք հասկանալ` կառավարման մոդելը ինչքանով է ճիշտ և գրագետ», - նշեց նա:
Այնուամենայնիվ, վճարումների նման հսկայական համակարգում անհնար է բացառել, որ որևէ պահի նորից չի կարող խնդիր առաջանալ, կարևորն այն է, որ տեխնիկական խնդիրների պատճառով մարդկանց գումարները չեն կարող անհետանալ, ասում է Աբրահամյանը. «Գումարներս չեմ տեսնում, կորել են, տարել են, փողերը հանեք և այլն. այդպիսի բան չի կարող լինել»:
Հայաստանում 2020 թվականին առաջին անգամ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքների քանակային ցուցանիշը՝ կազմելով 57 տոկոս։