Մատչելիության հղումներ

Պատգամավորները, որոնց Էրդողանը փորձում է անձեռնմխելիությունից զրկել, դա համարում են «զավեշտալի», «ճնշելու գործիք»


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքական մեջլիսի աշնանային նստաշրջանը հայազգի Գարո Փայլանի և ընդդիմադիր ևս երեք պատգամավորի համար կարող է վերջինը դառնալ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դիմել է խորհրդարանին` պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ` պնդելով, որ նրանք աջակցում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդական աշխատավորական կուսակցությանը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Գարո Փայլանը, Մերալ Դանըշ Բեշթաշը և Հյուդա Քայան, ինչպես նաև Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության պատգամավոր Սալիհե Այդենիզը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո կարող են ենթարկվել քրեական հետապնդման:

Նախօրեին խորհրդարան ուղարկված միջնորդությամբ պատգամավորները մեղադրվում են պետության ամբողջականությանը սպառնացող հայտարարության և գործունեության, ահաբեկչությանը աջակցության, ատելություն և թշնամանք սերմանող ելույթների համար:

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանն էլ թուրքական Tele1 հեռուստաալիքի եթերում, խոսելով իրենց դեմ ուղղված միջնորդությունների մասին, դրանք զավեշտալի է համարել: Նա նշել է, որ իր նկատմամբ սա արդեն 17-րդ միջնորդությունն է։ Փայլանը պատմել է, որ իրենց կուսակցության նախկին համանախագահներից Փերվին Բուդանի՝ Դիարբեքիրում ելույթներից մեկը դուր չի եկել թուրքական դատախազությանը: Ինքն էլ մեղադրվում է այդ ելույթը լսելու և ոչինչ չասելու համար:

Փայլանի խոսքով` Բուդանն իր ելույթում խոսել է երկրում ժողովրդավարության տխուր վիճակի մասին, բայց դատախազությունը նրա հայտարարությունները պետության ամբողջականությանը սպառնացող, անջատողական է համարել . «Ինձ մեղադրում են լռելով հանցակից լինելու համար: Այս իրավիճակը նույնիսկ ծիծաղելի չի, դրամատիկ է, երկրի դատախազները հետևում են մեր ամեն մի քայլին, և եթե ոչինչ չեն գտնում, հորինում են: Պատկերացնո՞ւմ եք` ինձ ուզում են անձեռնմխելիությունից զրկել լուռ մնալու համար», - ասել է նա:

Անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի տակ հայտնված պատգամավորներից Մերալ Դանըշ Բեշթաշն էլ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին ասել է, որ «այս միջնորդությունները արդեն սովորական երևույթ են դարձել և իշխանությունների ձեռքում ընդդիմությանը ճնշելու գործիք են»:

Նախագահական միջնորդությունը մեկ ամսվա ընթացքում քննարկվելու է խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հարցերով հանձնաժողովում, և համապատասխան զեկույց է կազմվելու, որը ներկայացվելու է խորհրդարանի լիագումար նիստում, ապա դրվելու է քվեարկության:

Յուրաքանչյուր պատգամավորի վերաբերյալ միջնորդությունն առանձին է քվեարկվում, որոշման ընդունման համար անհրաժեշտ է 151 կողմ քվեա: Պատգամավորներն անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում մանդատը չեն կորցնում, քանի դեռ նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:

Թուրքիայում պատգամավորների քրեական հետապնդումը հնարավոր է դարձել 2016 թվականից, երբ Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները աջակցեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացրած օրինագծին: Ընդդիմադիր պատգամավորների դեմ ճնշումների հետ մեկտեղ Սահմանադրական դատարանում է գտնվում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փակման գործը, իսկ կուսակցության առաջնորդը 2016թ.-ից կալանավորված է:

XS
SM
MD
LG