Մատչելիության հղումներ

Արցախի Շոշ ու Մխիթարաշեն գյուղերում մարդիկ դեռ իրենց սովորական կյանքին չեն վերադարձել


Շոշ գյուղի բնակիչները զրուցում են «Ազատության» թղթակցի հետ, արխիվ
Շոշ գյուղի բնակիչները զրուցում են «Ազատության» թղթակցի հետ, արխիվ

Շոշեցի Ալեքսանդր Ռուշոյանի տան բակից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշին լավ է երևում. տեսանելի են Ադրբեջանի դրոշները, իսկ հեռվում առանց գմբեթի Սուրբ Ղազանչեցողն է։

«Սա Շուշին ա, էն էլ իրանց դիրքերը, էսա էլի ժողովուրդը վախերով ապրում ա», - ասում է Ռուշոյանը։

Հայկական կողմը պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև բնակավայրերի ուղղությամբ հրադադարի խախտումների մասին։ Բնակիչներն էլ են ասում՝ ադրբեջանական կողմից կրակոցներ հաճախ են լսում։

Շոշեցիների ու մխիթարաշենցիների գլխավոր խնդիրն այժմ անվտանգությունն է, ապագան էլ, ասում են, անկախատեսելի է։

Պատերազմը նաև այս գյուղերում ապրողների կենցաղն է փոխել. սրտնեղում են՝ արոտավայրերի մեծ մասն այն կողմում է մնացել, անճարությունից շատերն անասուններին վաճառել են. - «Մոտ 80 տոկոսը անասուններին ծախել են։ Հնարավորություն չկա։ Օրինակ, անցնում են էն կողմ, էլ չեն կարում գան։ Ավտոմատները ձեռքներին կանգնած, քշում են տանում։ Աչքի առաջից անասունը տանում են»։

Շոշից Գրիշա Երեմշյանն անկեղծանում է՝ ավելի ապահով կլիներ, որ ոչ այս, ոչ էլ այն կողմում զինվորականներ չլինեին։ Նա կարծում է, որ վաղ թե ուշ հայ և ադրբեջանցի ժողովուրդները մերվելու են իրար հետ. - «Կամաց-կամաց մեկ ա, էլի հարթվելու ա։ Սովետական կարգորսովետի ժամանակ ոնց էր, որ և' մուսուլմանական, և' քրիստոնեական հանրապետությունները մի մարդու ապրել են։ Էդ ձևի ա լինելու, պիտի մերվեն»։

Շոշի հարևանությամբ Մխիթարաշենն է։ Այս գյուղը Շուշիից ուղիղ գծով մեկ կիլոմետր է հեռու. Ռուսլան Աթայանը կրակոցների հետքերն է ցույց տալիս ու անկեղծանում՝ լավատեսությունը կորցրել է. - «Էնտեղից են կրակել, խփել են դռանը... Լավ բան չի եղնի»։

Չնայած պատերազմից արդեն մեկ տարի է անցել, բայց Շոշում ու Մխիթարաշենում մարդիկ դեռ իրենց սովորական կյանքին չեն վերադարձել։

XS
SM
MD
LG