Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ընդունել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Վրացական կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են «Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությանը, անվտանգությանն ուղղված համատեղ նախագծերի հաջող իրականացմանը վերաբերող հարցեր»։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Վրաստանում է՝ հանդիպելու վրաց և թուրք պաշտոնակիցներին։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկելու են ռազմական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
Վրաստանի վարչապետն անցյալ շաբաթ էր այցելել Ադրբեջան, մինչ Բաքու մեկնելը Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե նպատակ ունի հաշտեցնել Ադրբեջանին և Հայաստանին։ «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նա, ազդարարելով նաև Հայաստան այցելելու պլանների մասին, հույս էր հայտնել, որ դրական դեր կխաղա սահմանակից երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: