Մատչելիության հղումներ

Երևանում մահացած 10-ամյա աղջիկը քովիդով վարակված է եղել


Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Հայաստանում քովիդով վարակված երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի՝ երեխան Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։

«Երեխան ընդունվել է դիաբետիկ կոմայով, սրընթաց սուր զարգացող առաջին տիպի դիաբետով», - ասաց Սարգսյանը։

Մինչ «Արաբկիր» հասնելը, նախ ծնողները դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ սեպտեմբերի 22-ին։ Երեխայի վիճակն արդեն ծանր է եղել։ Կենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մանրամասնեց՝ հետազոտել ու նույն օրն էլ պարզել են, որ շաքարային դիաբետ ունի։

«Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շաքարային դիաբետ։ Ինքը շատ վատ էր և միանգամից տեսանք, որ շաքարի շատ բարձր թվեր ունի», - ներկայացրեց Չոբանյանը։

Երկու ժամ անց 10-ամյա աղջիկը տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ բուժում է ստացել, և երբ պարզվել է, որ քովիդով է վարակված, տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Այստեղ են հոսպիտալացվում կորոնավիրուսով վարակված երեխաները։ Հենց «Արաբկիր» հիվանդանոցում էլ երեք օր անց մահացել է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժի՝ երեխայի մոտ զուգահեռաբար սրընթաց զարգացել է երիկամների, ներքին օրգանների, սրտանոթային համակարգի անբավարարություն։

«Այդ ամենը զարգացել է այնքան սրընթաց, որը բնորոշ է իրապես շատ ծանր աստիճանի կոմատոզ պրոցեսին», - ասաց մասնագետը։

Մանկաբույժը հաստատում է՝ քովիդը նպաստել է երեխայի առողջական վիճակի վատթարացմանը, բայց գլխավոր պատճառը չէ։ Թե որքան է ազդել, դեռ պետք է վերլուծեն. «Որպես հիմնական պատճառ դիաբետիկ պրոցեսն է, բնականաբար, չէր կարող չազդել, բայց ամենայն հավանականությամբ սա կդիտվի այն դեպքերից, երբ մահվան հիմնական պատճառն այլ ծանր հիվանդությունն է, իսկ քովիդը՝ ուղեկցող»։

Խոցելի խմբերի վարակվածության ցուցանիշները կնվազեն, եթե չափահասների պատվաստվելու ցուցանիշները աճեն. Բժիշկ

Ըստ բժիշկ Սարգսյանի՝ Հայաստանում համաճարակի ամբողջ ընթացքում քովիդով վարակված դեռահասների մահվան երկու դեպք է գրանցվել. առաջինն արձանագրվել է անցած տարի։ Ըստ մանկաբույժի՝ առաջին դեպքում ևս խրոնիկ հիվանդություն է ունեցել։

«Նախորդ դեպքը եղել է նեյրովիրաբուժական ծանր վիճակի ֆոնի վրա։ Քովիդի ֆոնի վրա մահացել է երկու երեխա», - ասաց Սարգսյանը։

Քովիդով վարակված մի դեռահաս էլ, որը նույնպես ուղեկցող խնդիրներ է ունեցել, մահացել է ավելի ուշ, հետագայում սրված բարդություններից։

Այս պահին Հայաստանում քովիդով վարակված շուրջ 15 երեխա է հոսպիտալացված։

Երեխաների, խոցելի խմբերի վարակվածության ցուցանիշները կնվազեն, եթե չափահասների պատվաստվելու ցուցանիշները աճեն, ընդգծեց բժիշկ Սարգսյանը։ Երեխաներին պատվաստելու քննարկումները դեռ շատ վաղ են Հայաստանում, ասաց մանկաբույժը։ Չնայած, որ մի շարք երկրներում՝ Չինաստանում, Ռուսաստանում երեխաներին պատվաստելու խնդիր են դրել։ Թեև մասնագետները պնդում են, որ երեխաները քովիդը հեշտությամբ են հաղթահարում, բայց խոցելի խմբերի համար նույնքան վտանգավոր է, որքան մեծահասակների շեշտում է գլխավոր մանկաբույժը։ Միացյալ նահանգներում, ըստ նրա մինչև 4 հարյուր երեխայի մահվան դեպք է արձանագրվել, Եվրոպական երկրներում էլ տասնյակների մասին տվյալներ կան։

«Եվրոպական երկրներում ևս խոսքը գնում է տասնյակների, հարյուրների վրա, Ամերիկայում է խոսքը, եթե ճիշտ եմ հիշում 400-ի շուրջ էր, նույն էլի խոցելի խմբերն են», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG