Ալավերդու «Գազի զոնա» կոչվող թաղամասի 48 բնակիչներ ոստիկանությունից ծանուցում են ստացել, որ իրենց շենքի սեփականատիրոջ դիմումի հիման վրա հանվել են հաշվառումից, որևէ տեղ այլևս հաշվառված չեն ու որ պարտավոր են 7-օրյա ժամկետում հաշվառման հասցե գտնել։ Մինչև 70 տարի այդ շենքում ապրած 18 ընտանիքներն անակնկալի են եկել` անտուն են մնացել ու անորոշության մեջ չգիտեն՝ ինչպես վարվել։
«Միամիտ գալիս են, ժողովրդին գրանցումից հանում, ոչ մի բանից տեղյակ չենք եղել: Օդից կախված ենք բոլորս», - ասում են բնակիչները:
Ըստ ոստիկանությունից ստացած ծանուցման` շենքը պատկանում է «Արմէներգո» արտադրական կոոպերատիվի նախագահ Սարգիս Նասիբյանին, որին բնակիչները երբեք չեն տեսել։ 20 տարի առաջ սեփականացրած շենքում մինչև 70 տարի բնակվողներ կան, որոնք վստահեցնում են՝ սեփականատերը երբևէ չի հետաքրքրվել իր գույքով, որևէ խնամք չի տարել։ Եռահարկ շենքի երկրորդ հարկի բնակիչ Ամալյա Սարգսյանն ասում է՝ կաթացող տանիքի ու քանդված աստիճանների վերանորոգման բեռը բոլոր տարիներին իրենց ուսերին է եղել։
«Բա որ շենքը պաժառ ընկավ, իրեն հետաքրքի՞ր չէր` էս շենքը լրիվ նստեց, հիմնահատակ վերացավ, թե կանգուն է դեռ: Ջուրը լրիվ իմ տան մեջ է, 7 տարի է` ոչ մարդ է գալիս կռիշը սարքելու, ոչ քաղաքապետարանը գործ ունի, որ զավոդը, ոչ սեփականատերն է գալիս, իր շենքով հետաքրքրվի», - ասում է Սարգսյանը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Արմէներգո» ԱԿ-ի մասին որևէ տեղեկություն չկա։ «Ազատությանը» չհաջողվեց գտնել դրա նախագահ Սարգիս Նասիբյանին, որ բնակիչների կցկցտուր տեղեկություններով` արտերկրում է ապրում։ Սեփականատիրոջ պահանջով հաշվառումից դուրս եկած ալավերդցիները մտահոգ են՝ ձմեռնամուտ է՝ ի՞նչ են անելու. թոշակառուներն ասում են՝ առանց հաշվառման թոշակ չեն ստանա, անգործները թե՝ գործ չեն գտնի, դրսից գումար սպասողները բանկերից մերժում կստանան։
Թոշակառու Դավիթ Երզնկյանն ասում է՝ արդեն զգուշացրել են, կենսաթոշակ ստանալու հարցում այս ամսվանից խնդիրներ կծագեն։
«Գազի զոնան» Ալավերդու արդեն չգործող պղնձաձուլական գործարանի հարակից թաղամաս է։ Այստեղ խորհրդային տարիներին 8 հանրակացարանային շենք են կառուցել գործարանի աշխատակիցների ընտանիքների համար և հանձնել ժամանակավոր բնակության, մինչև պետությունը նրանց կապահովեր մշտական բնակարաններով։ Բայց 2000-ականների սկզբներին 8 շենքերից մեկի բնակիչները տեղեկացան, որ իրենց կացարանները վաճառվել են ոմն Լյովա Նասիբյանին։ Նրա մահից հետո շենքի նկատմամբ իրավունքն անցել է որդուն՝ Սարգիս Նասիբյանին, բայց այս տարիներին տներից դուրս գալու որևէ պահանջ չեն ստացել սեփականատիրոջից։
«Որ սեփականացրել է, էդ օրը խի՞ չեկավ, ասի` գլխներիդ ճարը տեսեք, ոչ մի բան առանց ասել սուսուփուս մնացինք, մի սուրու ռեմոնտ ենք արել, մեկը չի եկել, ասի, որ էս շենքն իմն է, կարող է էգուց ասեմ` գնացեք», - նկատում է բնակիչներից մյուսը:
Թաղամասի մյուս 7 շենքերն Ալավերդու չգործող պղնձաձուլարանի նախկին սեփականատեր «Վալեքս՛ խմբի ընկերություններից մեկի՝ «Մանես» ընկերությանն են պատկանում։ Այստեղ էլ բնակիչներն արդեն անհանգիստ են, թե մի օր իրենք էլ նույն խնդրի առաջ կկանգնեն։
Իրենց կացարաններից զրկվելու վտանգի առաջ կանգնած բնակիչներն իրավական գործընթաց են սկսել։ Հույս ունեն՝ դատարանները հոգուտ իրենց որոշում կկայացնեն։