Մատչելիության հղումներ

Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային Բիենալեի բացման հանդիսավոր արարողությունը՝ հոկտեմբերի 8-ին


Հոկտեմբերի 8-ին Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում կկայանա Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային Բիենալեի՝ Երևան 2021 լայնածավալ մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում գործող, միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների աշխատանքներ տարբեր երկրներից: Գեղարվեստական տպագրության Բիենալեն նախաձեռնել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, որն առաջին անգամ այն նախաձեռնել է 2017 թվականին, հետո 2019-ին և ահա այս տարի էլ բավական մեծ թվով մասնակիցներ են ընդգրկված բիենալեի շրջանակներում, որը տեղի է ունենալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Գյոթե» կենտրոնի և Երևանում գործող մի շարք դեսպանատների աջակցությամբ:

Որպես բիենալեի հատուկ հյուր հրավիրված է գերմանացի շեփորահար Մարկ Ցվինգելբերգերը: Նրա կատարումներով կուղեկցվեն բիենալեի բացման և մրցանակաբախշության հատուկ արարողությունները:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում է 353 արվեստագետ, 496 փորագրանկար՝ 53 երկրից։ Մենք շատ ուրախ ենք, որ գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն արդեն իր ուրույն տեղն է գրավել միջազգային բիենալեների հարթակում և հատկապես մեզ համար կարևոր է, որ տարածաշրջանում Հայաստանը դառնում է այն հարթակը, որտեղ միավորվում են և հանդիպում են ամբողջ աշխարհի փորագրանկարիչները», - ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։

Նա ներկայացնելով ասուլիսի մասնակիցներին, Շվեյցարիայի Համադաշնային Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպաններին, նաև այլ դեսպանատների ներկայացուցիչներին իր երախտագիտությունը հայտնեց բիենալեին աջակցելու, նաև, առհասարակ, տարբեր երկրների միջև մշակութային երկխոսությանը նպաստելու համար։

Հատկապես մեծ է բիենալեի դերն ու նշանակությունը Հայաստանում կրթամշակութային ծրագրերի իրականացման առումով։ Վերջինիս վառ վկայությունն է բիենալեի շրջանակում ավանդաբար կազմակերպվող հանդիպումները, զեկուցումները, վարպետության դասերն ու մասնագիտական աշխատարանները, որոնք միտված են փորագրանկարչությամբ զբաղվող հայ երիտասարդ արվեստագետներին խրախուսելու անընդմեջ ազդակներ ապահովելով։ Հայաստան ժամանած միջազգային մասնագետներն իրենց գիտելիքները փոխանցում են ոչ միայն հայ ուսանողներն, այլ արդեն կայացած արվեստագետներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG