Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը


Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ բացելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրել և ամեն տարի կազմակերպում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որը ղեկավարում է Կոնստանդին Իշխանովը: Փառատոնն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգան անվանի երաժիշտներ: Մեր երաժշտասերները սեպտեմբերի 29-ից մինչև հոտեմբերի 29-ը փառատոնի շրջանակներում կայանալիք համերգների ընթացքում հնարավորություն կունենան ունկնդրել ջութաահարներ Գիլ Շահամին, Դանիել Լոզակովիչին, Ֆումիակի Միուրանին և այլոց, ինչպես նաև հայտնի դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովին, Յոլ Ում Սանին, թավջութակահարներ Ստիվեն Իսերլիսին, Նարեկ Հախնազարյանին։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին, Ջանլուկա Մարչիանոն, Դմիտրի Յաբլոնսկին և ուրիշներ:

«Հինգրերորդ «Արմենիա» միջազգային փառատոնը այս տարի լիիրավ միջազգային փառատոն կարելի է համարել, որովհետև այն արտիստները, այն ծրագրերը, այն ասելիքը, որը որ ներկայացնում ենք, համապատասխանում են բոլոր միջազգային չափանիշներին, և նույնիսկ ավելին։ Մի ամիսը, որը որ նվագախումբը կներկայացնի սիմֆոնիկ ծրագրերը, պետք է ասեմ, որ դա այն փառատոներից է, որը որ ցույց է տալիս կոլեկտիվների և տարբեր թիմերի համագործակցությունը, որովհետև նաև մեր շատ լավ կամերային նվագախումբը ելույթ կունենա», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Այս երեկո փառատոնի բացման համերգային ծրագրում կհնչեն Պրոկոֆյևի ստեղծագործությունները, ինչպես նաև Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ:

Այս երեկո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա անվանի ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Մարկ Բուշկովը:

«Նրա հետ աշխատել եմ Հայաստանում և Հայաստանից դուրս, ջութակահար, Չայկովսկու մրցույթի դափնեկին է։ Նրա հետ կկատարենք Պրոկոֆյևի առաջին կոնցերտը, որը Հայաստանում մենք դեռ չենք կատարել», - ասաց Սմբատյանը։

Նա ընդգծեց, որ տարեցտարի «Արմենիա» փառատոնն իր և մեր երկրի շուրջն է համախումբ համաշխարհային հռչակի տեր բազմաթիվ երաժիշտների։

«Ազատության» հարցին, թե ինչպես հաջողվեց համավարակի պայմաններում այդքան երաժիշտների հրավիրել փառատոնին, Սմբատյանը պատասխանեց. - «Պետք է ուղղակի ճիշտ կոմունիկացնենք մեզ, որ քովիդով պետք է մենք ապրենք և կարողանանք աշխատենք։ Մենք ունենք հանդիսատես, որը որ սիրում է երաժշտություն, և մենք չենք պատկերացնում, որ մենք լինենք ոչ ավելի ինտենսիվ, քան մենք կայինք առաջ։ Իհարկե, շատ ավելի դժվար է հիմա կազմակերպելը, բայց մենք փորձում ենք հաղթահարենք»։

Հավելենք, որ մեկամսյա փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG