Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպում են ունեցել` քննարկելով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Արարատ Միրզոյանը Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում փաստել է, որ մինչև հիմա Ադրբեջանում հայ ռազմագերիներ և քաղաքացիական պատանդներ են պահվում։
«Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը», - հաղորդում է Արտգործնախարարությունը։
ՄԱԿ-ի գրասենյակի հաղորդմամբ` Նյու Յորքում Գուտերեշը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է կառույցի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ երկխոսության և խաղաղապահ ջանքերին, վերահաստատել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը` ցուցաբերել լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ հակամարտությունից տուժած մարդկանց:
Հիշեցնենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը 2020-ի նոյեմբերից ի վեր: