Միխայիլ Կոսոբոկովին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում կփոխարինի ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին:
Ըստ հաղորդագրության, կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:
Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Միխայիլ Կոսոբոկովը Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի սկզբին՝ փոխարինելով Ռուստամ Մուրադովին: