Մատչելիության հղումներ

«Անտարես» հրատարակչության տնօրենը հրաժարվել է պետական պարգևից


«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է պետական պարգևից՝  որը վարչապետի միջնորդությամբ Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահն էր պատրաստվում հանձնել Արմեն Մարտիրոսյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։

Մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի կաշկանդել իրեն. հենց այս միտքն է գործընթացին նախնական համաձայնություն տված Մարտիրոսյանին ստիպել հրաժարվել մեդալից, որով պարգևատրվելու մասին հրամանագիրը տեղադրված է նախագահականի կայքում։

«Ամենակարևոր բանը, որ ինձ դրդեց էդ քայլը չանել, ազատ լինելն էր, անկաշկանդ լինելն էր։ Ու՝ հենց էս պահին։ Սա շատ դժվար պահ է մեր պետության համար։ Ու ցանկացած քայլ, իշխանությունից դա կլինի, սխալ քայլ, որը որ ես կասեմ, իրանք կուղղեն, չեն անի, կարծիք, ընդդիմախոսություն, դա պետք է դու անես անկաշկանդ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը;

Նրա կարծիքով, պարգևները, կոչումները ավելի շուտ Սովետական Միությունից եկած ժառանգություն է, որից պետք է ձերբազատվել։ Հեղափոխական իշխանությունները, ըստ նրա, նույն տրամաբանությամբ են գործում, ինչ նախկինները։ Տարբերությունը մեկն է՝ այսօր չկա իշխանության լեգիտիմության խնդիր. - «Մտածեցի, հիշեցի, որ մինչև 98 թվականը անգամ էդ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և այլն, էդ կոչումներն էր դուրս էկած, որովհետև նորմալ պետությունը չի թույլ տալիս, որ չինովնիկը գնահատի մտավորականին։ Մտավորականին պիտի գնահատի հանրությունը, ոչ թե պետությունը։ Անգամ, հիշո՞ւմ եք, պարգևատրումներ էին տալիս, նախագահի մրցանակ էր կոչվում... անկախ նրանից, որ էդ փողը մասնավոր փող էր, բայց չինովնիկն էր որոշում կայացնում։ Էդտեղ վտանգավոր տարր կա։ Ու մտավորականը շատ-շատ դեպքերում փորձում էր հարմարվել, փորձում էր դուր գալ չինովնիկին, ինչ-որ դեպքերում, երբ որ կարար ձայն բարձրացներ, լռում էր, և այլն։ Էդ իմ աչքի առաջ ա եղել։ Ես չէի ուզում էդ նույն ծուղակն ընկնել»։

2017 թվականին Մարտիրոսյանը հրաժարվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ընդունել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։ Ասում է, որ հենց դրանից հետո է իր ընկերության նկատմամբ հարկային տեռոր սկսվել։ Խնդիրը հարթվել է 2018 -ի փետրվարին «Բուկինիստ» գրախանութում հայտնի հանդիպումից հետո։

Այսօր նման անհանգստություններ չունի Մարտիրոսյանը։ Նա պնդում է, որ սա դեմարշ չէ իշխանության նկատմամբ. - «Երևի շնորհիվ Սերժ Սարգսյանի օգնականի, ինքը լուծում առաջարկեց, որ հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ՝ նախագահ բառը առանց արտասանելու։ Այսինքն՝ եթե ես գնայի նախագահական, ապա էդ խնդիրը լինելու էր։ Ու ինքը լուծում գտավ, որ ես գրախանութում իրեն եմ գիրքը նվիրելու, ինքը ինձ է գիրք նվիրում, ու մենք զրուցում ենք»։

Հարցին, թե արդյոք այդ նույն տրամաբանությամբ, իրեն չեն կաշկանդում կառավարության հետ կնքած պայմանագրերը (2019-ին Մաիրտիրոսյանի ընկերությունն էր պետբյուջեից ստացած 26 միլիոն դրամի դիմաց Հայաստանի ողջ տարածքում փակցրել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրությամբ վահանակները), Մարտիրոսյանն արձագանքեց. - «Վաղը կլինի ինչ-որ պատվերներ, դա կլինի կառավարությունից, Ազգային ժողովից և այլն, իհարկե պետք է մասնակցես։ Որովհետև դու էստեղ քո ֆունկցիան ունես, ու պետք է տարբերես՝ ինչ է նշանակում քաղաքացի, ինչ է նշանակում տնօրեն»։

Մարտիրոսյանը կարևորում է, որ մտավորականները կաշկանդված չլինեն հասարակակական կարծիքով։ 44-օրյա պատերազմի ընթացքում «Անտարեսի» տնօրենը մեծ քննադատության էր ենթարկվել Ղարաբաղին հարակից 7 շրջանները վերադարձնելու մասին իր գրառման համար։ «Կուզեի, որ էդ հայրենասեր բառը ինչ-որ ժամանակ դուրս գար, հայրենատեր լիներ՝ Էն մարդը, որ ռեալ տիրություն է անում իր պետությանը։ Իսկ Քելբաջարը իմ պետության մաս, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ի'մ պետության մաս չի եղել»։

Պետական պարգևներից հրաժարելու նախադեպեր Հայաստանում էլի են եղել։ 2013 թվականին անվանի գրող, ղարաբաղյան պատերազմի մասնակից Լեւոն Խեչոյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի շնորհած պետական պարգեւից: Իսկ 2004 թվականին Սիլվա Կապուտիկյանը է վերադարձրել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը , որով պարգևատրվել էր 1998 թվականին: Հրաժարվելու որոշման մասին Կապուտիկյանը հայտնել էր այն բանից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրել էին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG