Մատչելիության հղումներ

Թող աշխարհը հանդարտվի, մեր երկիրը նորից գա լավ վիճակի, և էկող տարի կանենք 14-րդ փառատոնը․ Էդվարդ Թոփչյան


Վաղը՝ սեպտեմբերի 24-ին երկու ուշագրավ համերգ է սպասվում մեր երաժշտասերներին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Սողոմոն և Սողոմոն» խորագրի ներքո տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) ծննդյան օրվան և Սողոմոն Թեհլերյանի Բեռլինում կայացած Հայոց ցեղասպանությունը դատապարտող աղմկահարույց դատավարության 100-ամյակին:

Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը կներկայացնի կոմիտասյան ստեղծագործությունները, իսկ Բաբկեն Չոբանյանը կընթերցի հատվածներ 1921 թվականին Բեռլինի նահանգային դատարանում դատական լսումների սղագրություններից և դատավճռից, որով Սողոմոն Թեհլիրյանը անմեղ ճանաչվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցողասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի սպանության կապակցությամբ՝ մեղադրյալից վերածվելով մեղադրողի:

Արամ Խաչատրյան համերգասրահում վաղը երեկոյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեն բեթհովենյան ստեղծագործություններ՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և դաշնամուրի 5-րդ կոնցերտը, որի մենակատարն է անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը:

«Վաղվա համերգը մեր Բեթհովենի ցիկլի շարունակությունն է, քանի որ 9-րդ սիմֆոնիան դեռ չէինք կատարել քովիդի պատճառով։ Չնայած քովիդը չվերջացավ, ցավոք սրտի, այնուամենայնիվ, մենք պայմանագիր ունեինք Եվրոպայի միության հետ և Գերմանիայի դեսպանատան հետ, որ սեպտեմբերի 22-ին 9-րդ սիմֆոնիան համատեղ իրենց օժանդակությամբ և իրենց ղեկավարությամբ պետք է կատարեինք, և երեկվա համերգը փակ էր, միային իրենց հրավիրատոմսերով էր, տոմսեր վաճառելու իրավունք չկար։ Մենք նախապես արդեն որոշեցինք, որ բաց համերգ անենք մեր ունկնդրի համար, որովհետև Բեթհովենը ես զգացի, որ մարդիկ շատ են սիրում, և դա շատ լավ է։ Եվ վաղվա համերգին ունենք նաև 5-րդ կոնցերտը Բեթհովենի, հիանալի դաշնակահար Բարրի Դուգլասի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։

Հավելենք, որ այս տարեսկզբից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսել է բեթհովենյան բոլոր սիմֆոնիաների տեսաձայնագրությունը: Էդվարդ Թոփչյանի խոսքով, աշխատանքն ավարտին կհասցնեն հաջորդ տարի. - «Մեզ համար սա շատ կարևոր պրոյեկտ է։ Ինձ համար ուղղակի կյանքի գործ է Հայաստանի ֆիլհարմոնիկով Բեթհովենի սիմֆոնիաները... և չեմ թաքցնում, որ ցանկություն ունենք, որ դա իսկապես դառնա աշխարհի ամենահայտնի ձայնագրություններից մեկ»։

Ամեն տարի սեպտեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում էր համերգաշրջանը դասական երաժշտության «Երևանյան միջազգային փառատոնով»: Այս տարի փառատոնը տեղի չունեցավ:

«Փառատոնը տեղի չունեցավ, որովհետև... երկար մտածեցինք, ամեն դեպքում, էս քովիդային իրավիճակը... Նախ վտանգավոր է, մեկ։ Իսկապես շատ վտանգավոր է, շատ անկանխատեսելի է ամեն ինչը։ Ես չուզեցա, որ անկանխատեսելի փառատոն անենք։ Թող աշխարհը հանդարտվի, մեր երկիրը նորից գա լավ վիճակի, ամեն ինչ ընկնի իր տեղը, և էկող տարի կանենք 14-րդ փառատոնը»։

Թոփչյանը փոխանցեց, որ նվագախումբն ունի հյուրախաղեր. - «Հոկտեմբերին ունենք՝ Իտալիայում ունենք վեց համերգներ, Բռնոյում մեծ համերգ ունենք, որտեղ ի դեպ պետք է կատարենք շատ հետաքրքիր ծրագիր՝ Մարսուրյանի Առաջին ալտի կոնդերտը, որը շատ ուժեղ ստեղծագործություն է և վաղուց չի կատարվել։ Հետո Տերտերյանի երրորդ սիմֆոնիան և երկրորդ բաժնում Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան։ Հայկական հզոր մեծ ծրագիր է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG