«Ցավոք սրտի, մենք այսօր արտագաղթի, չեմ ասում բավականին մեծ, բայց տեմպ ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։
Այսպիսով, եթե 1991-ին շուրջ 78 հազար երեխա է ծնվել, ապա 2020-ին այդ թիվը դարձել է 36 հազար 448։ Համաճարակային ու պատերազմական 2020-ին նաև մահերն են շատ եղել, ինչի հետևանքով բնակչության բնական աճի՝ ծնունդների ու մահերի հարաբերակցությունը գրեթե հավասար է։
Պատերազմի ու սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետևանքով ծնունդների անկումը սկսվել է արդեն 90-ականներին, մանրամասնեց Մարկոսյանը՝ հավելելով, որ այդ դժվարին տարիներին արտագաղթ սկսվեց, որն իր գագաթնակետին հասավ 1992-94 թվականներին։
Նրա խոսքով, հենց այս շրջանի արտագաղթը շատ մեծ ազդեցություն ունեցավ հետագա ժողովրդագրական գործընթացների վրա։ Աճը և նվազումը, նրա պարզաբանմամբ, կախված է մեկ սերունդ առաջ եղած ծնելիության մակարդակից. 80-ականներին մեծ թվով երեխաների ծնունդը պայմանավորված էր 50-60-ականների «բեյբի բում»-ով։ 80-ականներին ծնվածները 25-30 տարի հետո ՝ ամուսնական տարիքում իրենց հերթին ծնելիության բարձր մակարդակ պետք է ապահովեին, սակայն 1990-ականների իրադարձությունները խախտեցին այդ բնական շրջափուլը. - «Եվ մեզ մոտ տեղի ունեցավ ոչ թե սահուն անկում, այլ տեղի ունեցավ ծնունդների փլուզում, քանի որ 2002 թվականին, ի տարբերություն 1992 թվականի, ծնունդների թիվը նվազեց մոտավորապես 60 տոկոսով, և դա նախկին խորհրդային երկրների մեջ ամենամեծ ծնունդների թվականի բացարաձակ թվով անկումն էր»։
80-ականների կամ անկախության սերունդը հենց 2000-ականներին մտավ վերարտադրողական փուլ, սակայն այդ տարիներին ժողովրդագրական քաղաքականություն, Մարկոսյանի խոսքով, մեծ հաշվով չի վարվել, երեխաների ծնունդը չէր խրախուսվում։
Հայաստանի անկախացումից 30 տարի անց վերարտադրողական փուլում են արդեն 90-ականներին, 2000-ականների սկզբին ծնվածները։ 2000-2002 թվականներին ծնված հազարավոր երեխաների կյանքի թելը պատերազմը կտրեց։
Կառավարության 2021-26 թվականների հնգամյա ծրագրում նշված է. «Իշխանությունները ձեռնամուխ են լինելու ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռամավարության և առաջիկա հինգ տարիների գործողությունների ծրագրի մշակմանը , որն առաջիկա տարիներին ծնելիության աճի նախադրյալներ կստեղծի։ Մշակվելու է ծնունդների խրախուսումներն ամրագրող նախագիծ»։
«Մենք ունենք հնարավորությունների պատուհան մինչև 2025-26 թվականը։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ դեռևս ամուսնական տարիքում է գտնվում նախորդ դարի 80-ականների սկզբից ի վեր ծնվածները, նրանք դեռ ունեն պոտենցիալ։ Եվ այդ պոտենցիալը ճիշտ շահագրգռելու պարագայում մենք պետք է որ փորձենք մինչև գոնե 25-26 թվականը ծնունդների թվակաքանակի աճն ապահովել», - ասաց Մարկոսյանը։
Գալիք սերունդների ուսերին է նաև Հայաստանի 30 տարիների ընթացքում կուտակած պետական պարտքի բեռը, որն արդեն անցել է 8,5 միլիարդ դոլարի սահմանը. - «Էլ չեմ ասում, որ այս սերունդն է բավականին թանկ վճարում։ Էսօր արդեն միայն պետական պարտքի սպասարկումը բյուջեի եկամուտների մոտավորապես տասը տոկոսն է։ Արդեն հասել ենք դրան, որը շատ ծանր բեռ է»։
2020-ը ծանր էր նաև տնտեսական տեսանկյունից, տարին Հայաստանը տնտեսական անկմամբ փակեց։
Տնտեսագետ, երկրի գլխավոր դրամատունը 1994-98 թվականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանի համոզմամբ, նախորդ տարվա կորուստները դժվարությամբ են վերականգնվելու. - «Եթե վերցնես պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը, էստեղ չնչին անգամ պարտքի ավելացման պարագայում էլի հարաբերակցությունը աճում է, իսկ դա իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ»։