Մատչելիության հղումներ

Երբ Լեմկինը շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» եզրույթը, շատ կարևորում էր մշակութային բաղադրիչը. Սեդա Պարսամյան


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցուցադրության բաժնի վարիչ Սեդա Պարսամյան

Արդրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերի հայկական կրոնական և պատմամշակութային հուշարձաների դեմ իրագործվող քաղաքականությունը նույնն է՝ կրկնությունը անպատիժ մնացած հանցագործության, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո վերջին 100 տարում հայկական հուշարձանների դեմ, համոզված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրության բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը:

«Ազատության» հետ զրույցում նա ընդգծում է, որ գաղտնիք չէ, որ 1915 թվականից հետո Թուրքիայում շատ քիչ բան է պահպանվել հայկական բազմադարյա մշակութային ժառանգությունից, հիմնականում դրանց մեծ մասը ոչնչացվել է՝ նպատակ ունենալով առհասարակ վերացնել հայկական հետքը:

Պարսամյան. - Նույն ճակատագիրն է սպասվում նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական պատմամշակութային ժառանգությանը։ Մենք գիտենք, թե Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո, մինչև մեր օրերը ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության կողմից ինչպիսի հետևողական քաղաքականություն իրականացվեց հայկական հետքը իսպառ վերացնելու ուղղությամբ։ Այդ քաղաքականությունը մինչև այսօր անպատիժ մնաց։ Ցավոք, այսօր միջազգային իրավունքում չկա որևէ պատժիչ գործիք, կամ իրավական լուրջ լծակներ, որոնք կկանխեին նմանատիպ հանցագործությունները։ Եվ Ադրբեջանը օգտվում է այդ առիթից և առաջ է տանում իր այդ քաղաքականությունը։ Այսօր Ադրբեջանում իրականցվում է նաև հայկական հուշարձանները ալբանակացնելու կամ աղվանականացնելու քաղաքականություն։ Գիտենք, որ բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը այցելց Հադրութի օկուպացված տարածքները և այնտեղի հին հայկական վանքերից մեկը՝ Ծաղկավանքը, տասներկուերորդ դարի վանական այդ հրաշալի համալիրը և դրանից կանգուն մնացած միակ եկեղեցին հռչակեց աղվանական։ Այս քաղաքականությունը նոր չէ։ Դրա հիմքը դրվել էր դեռևս 1960-ականների վերջին, երբ որ հայտնի Բունիաթովը «Ադրբեջանը 7-9-րդ դարերում»... այդ իր հակագիտական օրագիրը ինքնին վկայում է հակագիտական թեզը, հիմք դրեց աղվանացման իրենց այդ ծրագրին։ Տեսնում ենք այսօր այդ քաղաքականության հստակ, հետևողական շարունակականությունը։

«Ազատություն». – Միջազգային հանրությունը որևէ բան չի՞ կարող անել;

Պարսամյան. – Իհարկե, որոշակի ճնշումներ պարբերաբար լինում են խոսքի մակարդակով, սակայն դա չի կարող լինել այն ազդող գործիքը, որը կարող է հակազդել կամ ճնշել...

«Ազատություն». – Իսկ ի՞նչ է պետք անել։

Պարսամյան. – Երբ որ ժամանակին ցեղասպանություն եզրույթի հիմնադիրը՝ Ռաֆայել Լեմկինը շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն այդ եզրույթը և բնորոշեց դա, նա շատ կարևոր տեղ հատկացրեց նաև մշակութային ցեղասպանություններին։ Ավելին, նրա այդ մշակութային ցեղասպանությունների հայեցակարգը մշակվեց հենց Հայոց ցեղասպանության օրինակով, որպես բյուրեղացված և պատմականորեն շարունակականություն ունեցող ցեղասպանություն։ Եվ երբ որ 1946-47 թվականներին ՄԱԿ-ում մշակվում էր Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին կոնվենցիան, Լեմկինը այդ հանձնաժողովի անդամ էր, տեքստը մշակող երեք անդամներից մեկն էր, և ինքը պնդում էր մինչև վերջին վայրկյանը, որ մշակութային ցեղասպանությունը շատ ավելի վտանգավոր քաղաքականություն է։ Նա ասում էր, որ անշուշտ, ֆիզիկական բնաջնջումը չի կարելի համեմատել մշակութային արժեքների ոչնչացման հետ, բայց եթե որևէ մեկը կարողանա կանխարգելել մշակութային արժեքների ոչնչացումը, կկարողանա կանխարգելել նաև ֆիզիկական բնաջնջումը։ 1944 թվականին, երբ որ նա շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն եզրույթը, շատ կարևորում էր այդ հայեցակարգում մշակութային բաղադրիչը։ Եվ այսօր, մեր օրերում հասկանալի է, որ եթե որևէ մեկը կարողանա Արցախում կանխել հայկական մշակութային արժեքների ոչնչացումը, կկանխվի նաև հայերի հետագա հնարավոր բնաջնջումը։ Այսինքն՝ այսօր առավել քան կարևոր է միջազգային նոր կոնվենցիայի ընդունումը, որը կքրեականացնի նմանատիպ հանցագործությունները։ Ցավոք սրտի, միջազգային իրավունքը այսօր չունի այդ գործիքը, որը կզսպի նմանատիպ քաղաքականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG