Մատչելիության հղումներ

Շարունակվում են Անկախության տոնի միջոցառման նախապատրաստական աշխատանքները. որդեկորույս ծնողները պահանջում են չեղարկել կամ հետաձգել


Հայաստանի Անկախության տոնին 4 օր է մնացել, բայց և՛ իշխանությունը, և՛ կազմակերպիչ ընկերությունը դեռևս չեն հրապարակել ինչպես միջոցառումների ծրագիրը, այնպես էլ դրա ֆինանսավորման կոնկրետ աղբյուրները։

Այս ընթացքում Հանրապետության հրապարակում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները։ Այդտեղ աշխատողները խուսափում են բացահայտել, թե երբ են ավարտելու դրանք և ինչ է սպասվում սեպտեմբերի 21-ին։

Անկախության տոնին նվիրված միջոցառումը վարչապետ Փաշինյանը «գունագեղ և մասշտաբային» բառերով էր նկարագրել, դա առաջացրել էր հատկապես պատերազմում զոհված զինծառայողների հարազատների զայրույթը։ Ավելի ուշ վարչապետը ներողություն խնդրեց ձևակերպման համար։

Հրապարակի միջոցառումը կազմակերպում է «Դոմինո փրոդաքշն»-ը։ Կառավարությունից «Ազատության» հայտնել են՝ այս ընկերությունից միջոցառումն իրականացնելու ծրագիր են ստացել, այն արժանացել է Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը։ Հայտնում են նաև, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը, կառավարության փոխանցմամբ, «Դոմինո փրոդաքշն»-ը մասնավոր հովանավորներից է ստացել։

Գործադիրից տեղեկացնում են նաև՝ «Անկախության 30-ամյակի միջոցառմանը Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, նաև բոլոր ժամանակների սիրված երգեր։ Միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ»։

«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ մրցույթ չի անցկացվել, որպեսզի միջոցառում կազմակերպող մյուս ընկերությունները ևս հնարավորություն ունենային մասնակցելու դրան։ Ինչպե՞ս է ընտրվել հենց այս ընկերությունը։ Համերգից զատ այլ միջոցառումներ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ։ Այս հարցերին, սակայն, կառավարությունը չի պատասխանել։

Միջոցառման կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում չբացահայտեց, թե որոնք են կառավարության նշած սիրված երգերն ու կատարողները. «Արտիստների հետ կապված կամ կատարումների հետ կապված՝ դրանք արդեն ծրագրային բաղադրիչներ են, որը կիմանաք միջոցառման ժամանակ, որպեսզի միջոցառման հետաքրքրությունը, գրավչությունը չսպառենք։ Երաժշտական մասով կարող եմ ասել, որ Խաչատրյան, Բաբաջանյան, Տերտերյան և այլն»։

Թե որքա՞ն է ծախսվելու միջոցառման համար, Առաքելյանն ասաց՝ կոմերցիոն գաղտնիք է, չի բացահայտում նաև, թե որ կազմակերպությունների կամ անհատների հետ են համագործակցում:

«Դոմինո փրոդաքշն»-ի հիմնադիրն ասաց՝ կան բազմաթիվ հովանավորներ և նրանց թիվը դեռ ավելանում է, իսկ թե ովքեր են նրանք, անուններ առայժմ չհնչեցրեց. «Բիզնեսներ, անհատներ, ոմանց լոգոները կտեսնեք էկրաններին կամ պաստառներին, բայց հովանավորների մեծ մասը հովանավորչություն անում է ավելի շատ աջակից լինելու համար, քան գովազդվելու»։

Թե ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 21-ին, այս հարցը շատ է մտահոգում որդեկորույս ծնողներին, ոմանք նույնիսկ պահանջում են չեղարկել կամ հետաձգել սեպտեմբերի 21-ի համերգը։ Այսօր նրանք կառավարության առջև էին, նրանց հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Ծնողներն ենք, ասում ենք՝ մոմավառությունով երթ կազմակերպեք, լռությամբ գնանք, մեր հարգանքի տուրքը տանք մեր էրեխեքին, հետ գանք, ուրիշ բան նախատեսեցիք, չի լինելու», - ասաց հավաքվածներից մեկը:

Սարգսյանը, այնուամենայնիվ, նշեց՝ 30-ամյակին նվիրված համերգը չի չեղարկվելու, առաջարկեց՝ ծրագիրը ներկայացնել ծնողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG