Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացում է հոբելյանական 100-րդ թատերաշրջանը՝ առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ: Նույն այդ պիեսի բեմադրությամբ 1922 թվականի հունվարի 25-ին թատրոնն առաջին անգամ բացել է դռները հանդիսատեսի առաջ՝ անցնելով շատ հետաքրքիր ճանապարհ լավագույն արտիստների և ռեժիսորների ուղեկցությամբ:
«Որևէ կասկածից վեր է, որ մեր թատերական մշակույթի և թատերական դպրոցի կայացման գործում անզուգադրելի է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անցած ուղին, պատմությունը։ Որովհետև, ըստ էության, մինչև հետագա ժամանակներս սա եղել է հիմնական հարթակը, սա եղել է դարբնոցը և կայացման հարթակը։ Շատ կարող ենք հիանալ անցյալով, մենք կարող ենք անուններ թվարկել, հպարտանալ, բայց դա կլինի ավարտված, վերջակետված, եթե չունի իր իմաստավորումը ներկա ժամանակներում։ Ուրախ եմ, որ ի դեմս Վարդան Մկրտչյանի, պարոն Էլբակյանի, թատրոնը չի վախենում նորարարությունից։ Վերցնենք «Դասարան պլյուս դասական» կրթական ծրագիրը, որը լավագույն կրթական ծրագրերից է մեր այսօրվա, և ֆանտաստիկ ազդեցություն ունի։ Նորակառույց հարթակը, որը լայն հնարավորություն է տալիս փորձարարական ներկայացումների համար։ Ես ընդհանրապես համարում եմ, որ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը բեկում էր Սունդուկյան թատրոնի դերասանական խաղաոճում, որովհետև վաղուց մենք չէինք տեսել իրար աչքերի մեջ նայող դերասանների և իրար հետ զրուցելու ունակ դերասանների», - թատրոնի հոբելյանական թատերաշրջանի բացման նվիրված միջոցառմանն ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Ուշագրավ է, որ այս թատերաշրջանը հոբելյանական է նաև մեկ մեկ այլ թատրոնի՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համար, որը նշում է հիմնադրման 90-ամյա հոբելյանը: Անցյալ դարասկզբին բազմաթիվ թատերախմբեր են գործել Վանաձորում, բայց պետական թատրոնը բացվել է 1931 թվականի հունվարի 28-ին:
90-ամյա հոբելյանական թատերաշրջանը թատրոնը կբացի սեպտեմբերի 22-ին Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսի բեմադրությամբ: Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխվավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը:
«Այսօր լավ օր է, և մեկնարկն ենք տալիս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական միջոցառումների, այնպես էլ Աբելյանի անվան Վանաձորի թատրոնի հոբելյանական միջոցառումների։ Շատերս երբ խոսում ենք մարզային թատրոնների մասին, նույնիսկ չենք էլ պատկերացնում մարզային թատրոնների կարևորագույն առաքելությունը և նշանակությունը։ Ըստ էության, մարզային թատրոնները այն բացառիկ, եզակի կառույցներն են, որոնք ակտիվություն են հաղորդում մշակութային կյանքին և ստեղծում են մշակութային բովանդակություն։ Առավել ևս Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը այդ առաջնակարգ մարզային թատրոններից է եղել բոլոր ժամանակներում, և այսօր է այդպես։ Եվ ես ուրախ եմ, որ թատրոնի պատմությունը բոլոր ժամանակներում ունեցել է շատ ակտիվ դրսևորումներ, շատ ակտիվ գործունեություն է ծավալել, և հուրախություն մեզ, պիտի ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ թատրոնի դերասանական սերունդների խնդիրը կարծեք թե լուծված է եղել», - ասաց Խզմալյանը։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը ընդգծեց, որ հոբելյանական այս տարում թատրոնն իր հանդիսատեսի համար շատ ուշագրավ ներկայացումներ է նախապատրաստել. - «Հոբելյանական այս միամսյակը լինելու է գերհագեցած և միամսյակով չի ավարտվելու։ Ունենալու ենք ևս մեկ ներկայացման պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ», որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է։ Այս բեմադրությունը նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին։ Սա շատ կարևոր է այն առումով, որ 90-ամյա դերասանուհին նոր դեր է ստանում, և բեմադրությունը նվիրվում է հենց դերասանուհուն։ Չեմ կարծում, որ ևս մեկ անգամ պետք է շեշտել, որ մարզի ամենակարևոր մշակութային քաղցը բավարարող կառույցներից մեկն է Լոռու մարզային միակ մայր թատրոնը։ «Թատերական Լոռի» փառատոնն է ամբողջությամբ նվիրված մեր թատրոնի 90-ամյա հոբելյանին։ «Թատերական Լոռիի» բացումը նույնպես տալու ենք մենք՝ սեպտեմբերի 25-ին մեկնելով Ալավերդի։ Այնուհետ «Թատերական Լոռիի» շրջանակում մեզ հյուրընկալվելու են և' Չելյաբինսկի թատրոնը, և' Վոլգոգրադի թատրոնը, և' հանրապետությունում հայտնի այլ թատրոններ՝ Ստանիսլավկու անվան, Պարոնյանի անվան և Համազգային»։
Աբելյանցիներն այս տարի հոբելյանական միջոցառումների շրջանակում կթողարկեն նաև թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված արծաթե հուշամեդալ, որն առաջինն է թատրոնի պատմության մեջ: