Հուլիսին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) և «Էյր Արաբիա»-ի միջև ստորագրված համաձայնագրով ստեղծվել է հայկական ազգային ավիաընկերություն: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում խոսեց նոր ավիաընկերության, տոմսերի արժեքների և այլ մանրամասների մասին` խոստանալով` տոմսերը լինելու են մատչելի: Միաժամանակ նշեց` ուղիղ թռիչք դեպի ԱՄՆ չի նախատեսվում: Նորաբաց ավիափոխադրողի անձնակազմում ցանկություն կա հայերի ներառել:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Ուղիղ թռիչք ԱՄՆ չի պլանավորվում
Դավիթ Փափազյանից մի շարք օգտատերեր հետաքրքրվել էին` արդյոք տոմսերը լինելու են մատչելի:
«Հաստատ գները լինելու են զգալի ավելի էժան, քան մինչև այս ազգային կոչվող ընկերությունները հնարավորություններ են ունեցել առաջարկել», - ասաց նա` հավելելով` ազգային ավիափոխադրողը ևս եկամուտ է հետապնդելու:
«Մեծ, հզոր էֆեկտիվությամբ գործընկեր ձեռք բերելով` հնարավորություն ենք ունենում եղած իմիջը բարձրացնելու ապագա մի քանի տարիների ընթացքում», - ասաց Փափազյանը:
Ի պատասխան մեկ այլ հարցի` նա տեղեկացրեց. «Շատ հեռու է Միացյալ Նահանգները, առաջին հինգ տարվա ընթացքում ուղիղ թռիչք չենք պլանավորում»:
Ավիավառելիքի գնի մասին
«Ավիավառելիքի գների մակարդակը ուղղակիորեն կախված է մեր շահութաբերության հետ, համեմատած շատ ուրիշ երկրների հետ, որտեղից ինֆորմացիա ունենք, թե ինչ արժե ավիակերասինը, Հայաստանի գինը բարձր է, բայց մեր դեպքում այս էտապում դա հաշվարկված է բիզնես պլանի մեջ», - ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի տնօրենը: Նա համոզված է` այդ գներով կարողանալու են ունենալ եկամտաբեր բիզնես և տոմսերի գները պահել ցածր:
Օրենքի ուսումնասիրություն արել են
Մեկ այլ հարցին, թե Հայաստանի ավիացիայի մասին օրենքը թույլատրո՞ւմ է, որ տեղական ավիափոխադրողի 51 տոկոս կառավարումը տրվի օտարերկրյա փոխադրողին:
«Տրամաբանական կլինի մտածել, որ օրենքի ուսումնասիրություն թե մենք, թե մեր գործընկերը կատարել ենք, բոլոր նորմերը համապատասխանել են գործող օրենքին, և հայկական կողմը, այսինքն` այն, որ օրենքը տեսնում է որպես հայկական, ունենալու է փաթեթի մեծամասնություն, այսպես է ստացվում, որ «Էյր Արաբիայի» ինչ-որ մի մաս կրում է հայկական տարր, և «Էյր Արաբիա գրուպն» ունենում է 50 տոկոսից մի քիչ ավելի, բայց այն հայկական տարրը, որ իր մեջ պարունակում է, թույլ է տալիս օրենքի սահմաններում ավիաընկերությանը համարվել հայկական:
Խոսքը բաժնետիրոջ մասին է», - ի պատասխան` պարզաբանեց Դավիթ Փափազյանը:
Ֆորսմաժորների դեպքում ի՞նչ են անելու
Փափազյանի խոսքով` իրենք պլանավորում են ստանալ Քաղավիացիայից գործունեություն ծավալելու լիցենզիա: Ինչ վերաբերում է ֆորսմաժորներին, օրինակ`կտրամադրի՞ ինքնաթիռ երկրի պետական կարիքների համար, նա ասաց` անհնարին է խոսել առօրյայի ընթացքում ֆորսմաժորային գործառույթների մասին. «Այդ դեպքերը պայմանագրերով չեն ֆիքսում կողմերի գործառույթներ, նմանատիպ իրավիճակներում կկիրառվի ֆորսմաժորային գործիքակազմ»:
Անձնակազմը հնարավորության դեպքում բաղկացած կլինի հայերից
Նաև տեղեկացրեց` 2022 թվականին ավիափոխադրողի անձնակազմի թիվը լինելու է 240-ից ավելի, իդեալական դեպքում անձնակազմն ամբողջությամբ բաղկացած կլինի հայերից:
«Ապագա տնօրենը չի փնտրելու հայեր կամ էմիրաթցիներ, փնտրելու է որակյալ մասնագետներ, այդ թվում` օդաչուների մասին է խոսքը: Այսօր «Էյր Արաբիա գրուպում» աշխատում է 45 հայ, և երկու շաբաթ առաջ տնօրենը նրանց հետ հանդիպում է ունեցել` առաջարկելով վերադառնալ Հայաստան և լինել նորաբաց ավիաընկերության մի մասը», - հավելեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի ղեկավարը:
Նախագահը մասնաբաժին չունի. Փափազյան
Հարցին, թե կարող են դիմադրել «Աերոֆլոտի» մրցակցությանը, այն դեպքում, երբ լուրեր կան, որ մասնաբաժին ունի նախագահը, Դավիթ Փափազյանը պատասխանեց, որ փաստաթղթերում ոչ նախագահի, ոչ նրա ընտանիքի անունը չեն տեսել, երրորդ կողմեր էլ` որպես ձեռնարկություն չեն տեսել. «Հետևողական աշխատանքի մեջ և արդյունքը ագահ մոտեցումով ձեռք բերելու աշխատանքով, մենք հասկանում ենք, որ կա «Աերոֆլոտ», կան տեղական ավիափոխադրողները, որի մասին գիտենք, և բավականին հանգիստ ենք այդ ամենին վերաբերվում»:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.