Քոչարյանը երեկ հանդիպել է թիմակիցներին ու ակտիվանալու հանձնարարություններ տվել։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի հայտարարությունից։
Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մեծացնել հանրային ակտիվությունը, ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ստեղծել կազմակերպչական ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։
«Նախևառաջ դա դաշինքի ներքին կազմակերպչական, նաև դաշինքի բոլոր ստորաբաժանումների և բոլոր կողմերի մեր խմբակցության և մեր ընտրազանգվածի հետ համագործակցության խնդիրների լուծման ուղղությամբ է իրականացվել աշխատանքները», - «Ազատությանն» ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ինչո՞ւ է այս փուլում Քոչարյանն ակտիվանալու կոչ արել ,և ինչպե՞ս է դա դրսեւորվելու։ Հակտապես, որ Հայաստան խմբակցության պատգամավորները մշտապես հայտարարում են, թե խորհրդարան անցնելով՝ հրաժեշտ չեն տվել փողոցային պայքարին։ Հնարավո՞ր է, որ Քոչարյանի հանձնարարությունն հենց այս իմաստով է։
Սեյրան Օհանյանի մեկնաբանմամբ՝ խոսքը մասնավորապես իրենց ընտրազանգվածի հետ ակտիվ աշխատանքի մասին է։ Բայց եթե իշխանության գործունեությունը պետության դեմ լինի, գործի կանցնեն ամբողջ գործիքակազմով. - «Եթե այսօրվա իշխանությունների գործունեությունը ուղղված լինի Հայաստանի Հանրապետության անկմանը, ինքնիշխանությունը կորցնելուն, ապա մենք դաշինքի և դաշինքի մեջ մտնող մնացած բոլոր կառույցների բոլոր գործիքակազմերը օգտագործելու ենք, որպեսզի թույլ չտանք»։
Իշխանությանը հեռացնելու «Հայաստան» դաշինքի փորձերը դարձյալ ձախողվելու են, ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու հիշեցնում, որ թե' փողոցային պայքարի, թե' խորհրդրանական ընտրությունների միջոցով չստացվեց. - «Իշխանության փոփոխության քաղաքակիրթ եղանակը նորմալ երկրներում դա ընտրություններն են։ Այդպես է ճիշտը։ Ունեն էստեղ հարթակ, խորհրդարանն է իրենց հարթակը։ Եթե ուզում են փողոցային պայքարի վերադառնալ՝ իրենց որոշելիքն է, ես չեմ, որ իրենց պետք է ուղղություն ցույց տամ կամ հուշեմ։ Փողոցային պայքարը իրենք արդեն փորձել են և ձախողել են այդ պայքարը»։
Իշխանական պատգամավորի տպավորությամբ՝ խորհրդրանաում մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը դժգոհ է իր թիմակիցների աշխատանքից եւ հենց այդ պատճառով է նրանց հավաքել ու ակտիվանալու հանձնարարություն տվել. - «Համարում է նրանց գործունեությունը պասիվ կամ անպտուղ, կամ ոչ ուղղված այն նպատակին, որի համար նրանք այստեղ գործուղվել են»։
Իշխանությանը հեռացնելու և Հայաստանը զարգացնելու հայտարարություն անող ուժը ժամանակին իշխանություն է ունեցել եւ մարդիկ տեսել են, թե որքան են զարգացրել, հիշեցնում է Փաշինյանի թիմակիցը. - «Հայաստանի Հանրապետության զարգացումը նրանք ձախողել են»։
Բայց եթե ուզում են, հիմա էլ, ըստ Ջուլհակյանի, ընդդիմադիր կարգավիճակում կարող են պետությանն օգտակար լինել, անվտանգության վերաբերող քայլեր ձեռնարկել։ Խորհրդարանում հարթակ ունեն, երկրորդ ուժն են։