Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային ամենամյա  կինոփառատոնն այս տարի անցկացվեց արդեն 17-րդ անգամ: 

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մանկապատանեկան ֆիլմեր քիչ են նկարահանվում, առավել ևս՝ քիչ են ցուցադրվում, և փառատոնի նպատակերից մեկն էլ այդ բացը լրացնելն է:

Փառատոնը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Այսօր փառատոնի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսին փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը շեշտեց, որ օգոստոսի 2-ից մեկնարկած, 46 օր տևած կինոփառատոնն անցկացվեց նաև 5 մարզերում, որտեղ միտված էր մեղմելու պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու հանրային մթնոլորտի բարելավմանը:

Այս տարի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնը 43 երկրից 200 ֆիլմերի մասնակցության հայտ էր ստացել՝ փառատոնային ծրագրերում ընդգրկելով 73 ֆիլմ 27 երկրից: 11 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել տարբեր երկրների լավագույն ֆիլմեր։

Իսկ այս տարվա հատուկ ցուցադրություններից է եղել «Հայկական մանկապատանեկան ֆիլմեր» հատուկ ծրագիրը, որը ներկայացրել է ժամանակակից հայկական մանկապատանեկան ֆիլմեր։ Մասնավորապես՝ կինոփառատոնի մրցանակի արժանացած «Այբ» դպրոցի աշակերտների կողմից նկարահանված Արցախին նվիրված ֆիլմաշարը:

Իսկ «Ռոլան» կինոփառատոնի այս տարվա Գրան Պրի մրցանակին է արժանացել Հայկ Սահակյանցի «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը:

Կինոփառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով ցուցադրվել են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր ռեժիսորների մանկապատանեկան ֆիլմերը:

Ինչպես ընդգծում է կինոփառատոնի նախագահ Նունե Մանուկյանը՝ անդրադառնալով այս տարվա կինոփառատոնի առանձնահատություններին. - «Տասնհինգ տարի մենք անցկացրել են օֆլայն ֆորմատով, տասնվեցերորդը անցկացրեցինք օնլայն ֆորմատով, և այս տարի որոշվեց մենք գտնվում էին էն իրավիճակի մեջ, անցկացնել հիբրիդային ֆորմատով՝ օֆլայն-օնլայն։ Որովհետև մենք պետք է տեղավորվեինք թե' ժամանակի մեջ, թե' այն իրավիճակի մեջ, որում գտնվում էինք։ Սա յուրահատուկ էքսպերիմենտ էր։ Մեզ համար էլ էր հետաքրքիր, թե ինչ արդյունքներ մենք կստանայինք։ Մենք ստացանք հետաքրքիր արդյունքներ... Մի բան էլ նշեմ, որ երբևիցե, տասնյոթ տարվա փառատոն է, մենք չենք անցկացրել քառասունվեց օր։ Քառասունվեց օր անցկացնելը դա տաժանակիր աշխատանք է, բայց մենք դա արել ենք՝ օգտագործելով էն օգոստոսը, որ մենք կարող էինք կազմակերպել էդ միջոցառումները թե' ճամբարներում, թե' սահմանամերձ մարզերում, թե' բոլոր մարզերում, որտեղ որ հնարավոր էր։ Այնպես որ, մենք արել ենք բոլոր հնարավորը և անհնարինը»։

Իսկ թե այնուամենայնիվ ինչու Հայաստանում քիչ են նկարահանվում մանկապատանեկան ֆիլմեր, ապա, Մանուկյանի համոզմամբ, ոչ թե հետաքրքրության պակասի, այլ զուտ ֆինանսական խնդիրների պատճառով. - «Եթե ուրիշ երկրներում, օրինակ, Սկանդինավյան երկրներում պետական դոտացիայի վրա է էդ նկարահանումները, ֆիլմարտադրությունը, հիմա մենք պետք է էնպես անենք, որ կարողանանք, օրինակ, դեբյուտային ֆիլմը, որ «Այբ» դպրոցը նկարել էր, էդ ֆիլմը մենք խրախուսեցինք։ Եվ նոր ճանապարհ ենք ուզում տալ դեպի փառատոներ, դեպի իրականացում նոր համատեղ ծրագրերի»։

Հավելենք, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնն առայժմ միակն է մեր տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG