Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել ինքնահռչակ Աբխազիա, և ինչպես պնդում է ընդդիմադիր Աբխազական ժողովրդական շարժումը, կողմերը քննարկում են Աբխազիայի և Ռուսաստանի միջև դե ֆակտո գոյություն ունեցող սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերը։
«Ներկայումս ընթանում է հանձնաժողովի աշխատանքը։ Քննարկվում են մեր ժողովրդի ու պետության համար ծայրահեղ կարևոր հարցեր։ Իշխանություններին կոչ ենք անում համատեղ հանձնաժողովի աշխատանքները վարել թափանցիկ և տեղեկատվություն տրամադրել հանրությանը, քանի որ տարածքների պատկանելիության հարցերը ծայրահեղ զգայուն են մեր ժողովրդի համար»,- հայտարարել է Աբխազիայի ընդդիմադիր կազմակերպությունը։
2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Միջազգային հանրությունն ու Վրաստանն այդ շրջանները Վրաստանի մաս են համարում։