Մատչելիության հղումներ

«Ժողովուրդը չի կարող պետպատվերով բուժվել, վարչապետի, Աժ նախագահի ընտանիքներն ինչո՞վ են առավել ժողովրդից». դժգոհում են քաղաքացիները


Տիկին Աշխենը լավ է հիշում Փաշինյանի խոստումները, որ վարչապետ դառնալուց հետո հայտարարում էր, թե երկրում 3 միլիոն վարչապետ կա, ու որ վարչապետի պաշտոնը վայելք չէ։ Զարմացած է, որ վայելք չէ, ինչո՞ւ են օրենքներ փոխում, իրենց համար արտոնյալ պայմաններ ստեղծում՝ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահն ու նրանց ընտանիքները անձնական բժիշկներ ունենան, պետության հաշվին բուժվեն։

«Շատ բան եմ հիշում, որ հիմա ընդհանրապես չի կատարվում իր խոստումներից բռնած», - ասաց տիկին Աշխենը:

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) առաջարկում է փոխել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքն ու պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ու նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկումը։ Այս օրենքով միայն հանրապետության նախագահը իրավունք ուներ ունենալ անձնական բժիշկ։ Նախագիծը երեկվանից հանրային քննարկման է դրվել ու կրքեր բորբոքել։

Կառավարությունը սառեցնում է պետպատվերով բուժումը՝ պատճառաբանելով, թե բյուջեում փող չկա, իսկ ղեկավարության համար արտոնյալ պայմաններ ստեղծում, դժգոհում են մարդիկ։

«Եթե ամբողջ ժողովուրդը չի կարող պետպատվերով բուժվել, ինչո՞ւ իրենք պետք է այդ իրավունքն ունենան, ինչո՞վ են առավել հասարակ ժողովրդից», - ասաց քաղաքացիներից մեկը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որ Փաշինյանի աներորդին է, զարմացած է՝ ինչո՞ւ հարցեր չկային, երբ նույն օրենքով հանրապետության նախագահին էր անձնական բժիշկ հատկացվել։

«Իսկ ինչո՞ւ հարց չէին առաջանում՝ ինչո՞ւ պետք է նախագահն օգտվի այս ծառայությունից, և հիմա, երբ որ վարչապետին է վերաբերում այս օրենքը, բոլորի մոտ այս հարցն է առաջանում՝ ինչո՞ւ ենք այդպես վերաբերվում, ինչո՞ւ ենք այդ խտրականությունը դնում», - ասաց Հակոբյանը:

Բայց Փաշինյանն է հայտարարել 3 միլիոն վարչապետի գոյության, ժողովրդի ու իշխանության հավասարության մասին։ Բացի այդ հետպատերազմական այս ծանր վիճակում ինչո՞վ էր հրատապ վարչապետի ու Աժ նախագահի ընտանիքների անվճար բուժման հարցը։

Իշխանական պատգամավորը կասկածում է, որ 3 միլիոն վարչապետի մասին Փաշինյանի խոսքերի իմաստը ճիշտ են հասկացել. «Դուք վարչապետի խոսքն ընկալել եք այնպես, որ երկրում կա 3 միլիոն վարչապետ, հետևաբար, 3 միլիոն մարդ պետք է ունենա անվտանգության աշխատակից, 3 միլիոն մարդ պետք է ունենա ծառայողական մեքենա, այդպե՞ս եք հասկացել վարչապետի հայտարարությունը, ես այդպես չեմ հասկացել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին այս փոփոխությունը չի զարմացրել։ Փաշինյանի խոսքի ու գործի հակասության մասին բազմաթիվ օրինակներ կան, ասում է ընդդիմադիր պատգամավորը։

«Երեք տարի առաջ, երբ վարչապետն ասում էր՝ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, այսօր փաստացի դա որևէ ձևով չի դրսևորվում, վարչապետն ունի շատ մեծ լիազորություններ, տեսեք, թե ինչպիսի անվտանգություն է նրան ապահովվում, բայց երկու օր շարունակ մեր երեք գյուղերը Սյունիքում՝ Շուռնուխը, Որոտանը, Բարձրավանը շրջափակման մեջ էին և ընդամենը ռուս սահմանապահներն էին, որ իրենց կարողանում էին որոշակի օգնություն ցուցաբերել», - նշեց Գրիգորյանը:

Պատերազմից, աղետալի կորուստներից հետո կառավարությունը նախագահի, վարչապետի ու Ազգային ժողովի ղեկավարի ընտանիքների անվճար բուժօգնությամբ է մտահոգվում, ասում է պատգամավորն ու շեշտում՝ մինչդեռ շարքային քաղաքացիները, որ պետության հույսին են մնացել, այս պահին զրկված են պետպատվերով բուժվելու հնարավորությունից։

«Երբ մենք ունենք լրջագույն սոցիալական խնդիրներ, հետպատերազմական իրավիճակ, սահմանների կահավորման խնդիր, բազմաթիվ վիրավորներ և այլ բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն, դեռևս այս իշխանության օրոք պատգամավորների աշխատավարձերն են բարձրացվում», - նշեց Գրիգորյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կասկածներ ունի, որ այս նախաձեռնությունը իշխանությունը քննարկման է ներկայացրել, որ պետությանը սպառնացող ավելի կարևոր հարցից շեղի հանրության իշխանությունը, բայց, այդուհանդերձ, օրենսդրական այս արտոնության հասցեատերերին առաջարկ ունի. «Առաջարկում եմ՝ ունենալ բարոյականություն և կամք՝ հրաժարվել այդ արտոնությունից ի օգուտ պետպատվերի: Քանի ընտանիքի անդամ ունեն այդ մարդիկ, թող հաշվեն, այդքան հոգու պետպատվերը թող իրականացվի, ենթադրում եմ, որ Հայաստանի լավագույն բժշկի կողմից, որը պետք է լիներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձնական բժիշկը»:

Այս օրենսդրական փոփոխությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել երեկվանից։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 28-ը, հետո կներկայացվի Ազգային ժողովի դատին։

Ընդդիմադիր պատգամավորները մինչ այդ դժվարանում են ասել՝ ինչպես կքվեարկեն, ասում են՝ քննարկումները ցույց կտան։

XS
SM
MD
LG