Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ինչը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի իր գործընկերոջ՝ Իվան Կորչոկի հետ հանդիպմանը:
«Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, քանի որ հակամարտության անկյունաքարային հիմնահարցերը լուծված չեն։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող համարվել կարգավորված», - Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանի համար Սլովակիան կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում՝ ընդգծելով հայկական կողմի շահագրգռվածությունը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման առնչությամբ։
Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանգամանորեն քննարկել են հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ: