Երեկ Ռուսաստանի «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» («Զապադ-2021») համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլում ներգրավված են Ռուսաստանի Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:
«Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։
«Մուլինո» զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ», - հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
«Զապադ-2021»-ը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կտևի մեկ շաբաթ։
Հայաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերի 15-16-ը մասնակցելու է Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների համատեղ, ինչպես նաև Հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին: