Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը մտադիր է լուծարել ծայրահեղական սևամորթների կազմակերպությունները


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանան, արխիվ, Փարիզ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանան, արխիվ, Փարիզ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանան ասել է, որ մտադիր է հասնել սևամորթ ծայրահեղականների կազմակերպությունների լուծարմանը:

Խոսքը, մասնավորապես, «Սևամորթների աֆրիկյան պաշտպանություն» (Defense Noire Africaine) կազմակերպության մասին է, որը հայտնի է ծայրահեղական արարքներով:

Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության, կազմակերպությունը ռասիստական բնույթ ունի և հետապնդում է ատելություն ու թշնամանք սերմանելու նպատակներ:

«Այդ կազմակերպության գործողությունները հանգեցնում են հանրային անդորրի խաթարմանը, և մարդիկ դրա ականատեսը դարձան վերջերս Վալ Դե Ռյո ավանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ»,- ասել է Ժերալդ Դարմանանը:

Շաբաթ օրը Վալ Դե Ռյո ավանում «Սևամորթների աֆրիկյան պաշտպանություն» կազմակերպությման մոտ երեք տասնյակ անդամներ հավաքվել են քաղաքաքապետարանի մոտ և գրավել են շենքը:

Նրանք ջարդուփշուր են արել դռները, պատուհանները, ներխուժել են դահլիճ, որտեղ տապալել են մի զույգի ամուսնության արարողությունը, վիրավորանքներ են հասցրել սոցիալիստ քաղաքապետ Մարկ-Անտուան Ժամեին:

Միջադեպից հետո քաղաքապետարանը դիմել է դատարան, քննության ընթացքում պարզվել է, որ անկարգություններ հրահրած սևամորթները Վալ Դե Ռյո ավանի բնակիչներ չեն:

Ավելի վաղ այդ կազմակերպության ներկայացուցիչները հրապարակավ ուրախություն են հայտնել Մալիում հակաահաբեկչական գործողության ընթացքում ֆրանսիացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Բացի այդ, «Սևամորթների աֆրիկյան պաշտպանություն» կազմակերպությունը կոչ է արել պղծել ֆրանսիացի զինվորական և քաղաքական ականավոր գործիչ, Երկրորդ աշխարհամարտում ֆրանսիական դիմադրության խորհրդանիշ, Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության հիմնադիր նախագահ Շարլ Դը Գոլի գերեզմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG