Մատչելիության հղումներ

«Սողոմոնի երգերը» ֆիլմը հոկտեմբերի վերջից կցուցադրվի նաև ԱՄՆ-ում ու այլ երկրներում


Սեպտեմբերի 10-ից հայաստանյան կինոէկրաններին ցուցադրվում է երիտասարդ ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերերը» լայնամետրաժ խաղարկային ֆիլմը՝ նվիրված Կոմիտասի կյանքին:

Ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ֆիլմի պրոդյուսեր, ամերիկացի անվանի կինոգործիչ, «Կանաչ գիրքը» ֆիլմի համար «Օսկար» մրցանակի արժանացած պրոդյուսեր Նիք Վալլելոնգան:

«Սողոմոնի երգերը» ֆիլմի համարտադրող Անի Որսկանյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում ասաց, որ Արման Նշանյանի հետ համագործակցում է 2015 թվականից, սկզբում նախատեսել էին կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, բայց արդեն ստեղծագործական պրոցեսի ընթացքում հասկացան, որ այն լիամետրաժ ֆիլմ է լինելու. - «2017 թվականին էդ սցենարը կարճամետրաժի մենք կարդացինք, որոշեցինք, որ դա էն թեման է, որ կամաց-կամաց լիքը մարդիկ, մեր հրաշալի թիմը կպավ, որ մենք սենց ցեմենտի պես իրար հետ շատ դժվար պայմաններում, որովհետև արդեն Շուշիում ցուրտ էր, մենք բոլորս տանկի պես առաջ գնացինք»։

Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Տաթև Հովակիմյանը և ուրիշները, իսկ Կոմիտասի դերակատարն է Սամվել Թադևոսյանը:

Անի Որսկանյանի խոսքով, ֆիլմի ամերիկացի համարտադրող Նիք Վալլելոնգայի ջանքերի շնորհիվ ֆիլմն արդեն իսկ վաճառվել է և հոկտեմբերի 28-ից կներկայացվի ամերիկյան և այլ երկրների կինոէկրաններին. - «Իտալացի է ծագումով, հայի արյուն չունի, բայց ինքը ունի մոտիկ ընկեր, որի հետ ընկերություն է արել Նյու Յորքում տասը տարեկանից։ Մեր պատմությունը, մեր ցեղասպանության մասին ամեն ինչը ինքը գիտեր։ Երբ որ ինքը թիմին ծանոթացավ, ինքը ասաց, որ մեր կողքին կլինի։ Ինքը շատ մեծ աշխատանք է արել, որ ֆիլմը հոկտեմբերի 28-ից աշխարհի բոլոր հարթակներում ցուցադրվելու է»։

Մինչև Ֆիլմի պրեմիերան ամերիկացի կինոպրոդյուսեր Նիք Վալլելոնգան ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվեց Ոսկե մեդալով՝ Հայոց ցեղասպանության թեմայի տարածմանն ուղղված իր ջանքերի համար, իսկ ֆիլմի պրեմիերայից հետո հյուրընկալվեց Հայաստանի կինոգործիչների միությունում՝ միության նախագահ Հարություն Խաչատրյանի կողմից պարգևատրվելով «Մշակույթի ասպետ» շքանշանով:

«Շատ հայտնի պրոդյուսեր է աշխարհում, օսկարակիր։ Հայկական թեմաները սկսել են իրեն հետաքրքրել։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց, որոնք հայկական թեմաներով են հետաքրքրված, հայկական թեմաների մեջ ներդրում ունեն, պետք է անպայման ծանոթացնել և' Հայաստանի, և' մեր պատմության հետ, և' մեր հյուրասիրության հետ։ Երբ մեզ հյուր են գալիս լավագույն կինեմատոգրաֆիստները աշխարհից, մենք ունենք մի սրահ, Բուխարու սրահ է կոչվում, որտեղ նրանց ստորագրում են պատի վրա, և դա փոքրիկ թանգարանի պես մի բան է դարձել։ Նրա ներկայությունը նույնպես պատվաբեր էր մեր այդ սրահի համար», - «Ազատությանը» փոխանցեց Հարություն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG