Մատչելիության հղումներ

«Այս ձևով պատմությունը ներկայացվում է երիտասարդներին». Երևանում անցկացվում է «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը


Այսօր և վաղը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում՝ Կասկադում կցուցադրվեն և կվաճառվեն ձեռքի աշխատանքներ, որոնց հեղինակներն ապրում են Հայաստանի հեռավոր մարզերում։

ԱՄՆ Զարգացման Գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի խոսքով՝ այս նախձեռնությամբ իրենք գործընկեր մի քանի կազմակերպությունների հետ միասին փորձել են սահմանել տուրիզմի ու մշակութային ժառանգության պահպանման տարբերակներ։

«Քովիդից հետո շատ երկրներում շատ բաներ ուղղակի փակվել են, Հայաստանում այդ իրավիճակը սրվել է նաև պատերազմից հետո։ Մեր մտահոգությունը վերաբերում է տուրիզմի ոլորտին։ Այս ամենն ազդել է նախ երկրի տնտեսական կայունության, ինչպես նաև ՀՀ-ի ու հայ ժողովրդի էներգիայի վրա։ Ձեզնից լավ ոչ ոք չգիտի այն հարուստ մշակութային ժառանգության մասին, որն ունի Հայաստանը, և մենք զգացինք, որ շատ հայաստանցիներ այն կորցնում են։ Քովիդը մեզ լավ հանրավորություն տվեց նայել երկիրն ներսից։ Մենք հայտնաբերեցինք այս բոլոր գանձերը, որոնք թաքնված էին հեռավոր գյուղերում, համայնքներում։ Մենք օգտվեցինք մեր գործընկերների ընձեռած հնարավորություններից, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքները բերեն Երևան։ Մեք տեսանք այս ոգևորության վերածնունդը՝ Հայաստանի էության հետ կապված։ Այս ձևով պատմությունը ներկայացվում է երիտասարդներին», - երկօրյա փառատոնի պաշտոնական բացման ընթացքում ասաց Ջոն Ալելոն՝ ընդգծելով, որ սա նաև տնտեսական զարգացման նոր հնարավորություն է։

Տաղավարներից մեկում իր պատրաստած զարդերն էր ներկայացրել 37-ամյա Վարազդատ Ասատրյանը։ Ասաց՝ ստեղծագործելու ցանկությունը չի կորել պատերազմից հետո. «Ճիշտն ասած պատերազմից հետո ավելի շատ կար ցանկություն, քան մինչև այդ: Դե ավելի շատ ցանկանում ես ստեղծել նոր բան, ավելի շատ զբաղվես, ոչ թե ավելի շատ հիասթափություն ունենաս»:

Մասնագիտությամբ քանդակագործ Վարազդատի համար զարդեր պատրաստելը հիմնական աշխատանք չէ՝ հոբբի է։ Բայց, եթե ավելի շատ ժամանակ տրամադրի, կարող է նաև որպես եկամտի երկրորդ աղբյուր դարձնել այն։ Հիմնականում մեղուներն են նրա մուսան, ասում է՝ մեղվի պատրաստած մեղրամոմի տեսքը ոչ մի գործիքով հնարավոր չէ ստանալ։

«Ոսկերչություն ես որ սովորում էի մոդելավորումը, ի հայտ եկան նոր գործիքներ հաստոցային, որ իրանք սկսեցին ոսկերչական մոմը գործելով, տենց պրինտերներ կան, որ տպում են, ու այդ ժամանակ նմանացրեցի, ասացի՝ առաջինն աշխարհում երևի մեղուն է այդ գործով զբաղվել, որ սկսել է մոմով ինչ-որ բան տպելը: Եթե մեղուները վերնան կամ ինչ-որ վտանգ սպառնա, նշանակում է, որ նույն բանն ուղիղ համեմատական է մարդկության հետ: Էդ նույն բանը մենք զարդի կամ ինչ-որ արվեստի միջոցով ուզում ենք ներկայացնել մարդկությանը, որ պետք է ավելի ուշադիր խնամքով վերաբերվել բնությանը», - ընդգծեց Ասատրյանը:

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնի շրջանակներում բացված ցուցահանդեսի այցելուները կարող են տեղում նաև վարպետաց դասերի մասնակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG