Մատչելիության հղումներ

20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար


20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Համաձայն հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ»-ի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում:

Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Սուսաննա Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800 հազար դրամ կաշառք, որի մի մասը վերջիններս պահել են իրենց, իսկ մնացած մասը բաժանել մարզի ընտրողներին` յուրաքանչյուրին 10 000-ական դրամի չափով:

Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձի համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Եվս 19 անձի, այդ թվում` Անահիտ Մարտիրոսյանին, Շարմաղ Հարությունյանին, Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին և Մանուշակ Սեդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) տարբեր մասերով:

Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

20 մեղադրյալներից 8 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 72-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված` գործուն զղջալու հիմքով, իսկ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG