Մատչելիության հղումներ

Թիվ 122 դպրոցի տնօրենն ազատ արձակվեց


Թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինե Մալախյան
Թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինե Մալախյան

Դատարանն այսօր ազատ արձակեց օրերս կաշառքի գործով ձերբակալված Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրենին։

Դատավոր Աննա Մաթևոսյանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը և մերժել է Քննչական կոմիտեի միջնորդությունը տնօրենին կալանավորելու մասին։ 25 տարի դպրոցը ղեկավարած Մարինե Մալախյանը 2 գիշեր անցկացրեց անազատության մեջ։

Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում, թե քննիչը ձերբակալման մասին որոշման մեջ որևէ նպատակ չէր նշել, բացի այդ Մալախյանը, կատարելով քննիչի պահանջը, անմիջապես ներկայացել է Քննչական կոմիտե։ ասաց. - «Դատարանը փաստել է, որ առկա է հիմնավոր կասկածը, սակայն գնել է, որ առկա չեն կալանավորման հիմքերը։ Որ նա կարող է խուսափել քննությունից, պատճառաբանությունը հետևյալն է, որ կամովին է ներկայացել քննչի բանավոր իսկ կանչով։ Բացի այդ, համացանցում տարածված էր Մելինա Հակոբյանի վերաբերյալ այդ տեսանյութը, ձայնագրությունը, ռեպորտաժները, մյուսը, մյուսը, և իր համար կանխատեսելի էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Եվ նման պայմաններում ներկայացել է առաջին իսկ կանչով։ Իսկ խուսափել ցանկացող անձը, բնականաբար, չէր ներկայանա»։

Գլխավոր դատախազի խորհրդարական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու որոշումներն էլ բողոքարկելու են վերաքննիչ ատյանում։

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած 63-ամյա տնօրեն Մարինե Մալախյանը մեղքը չի ընդունում։ Ըստ իրավապահների, Մալախյանը ուսուցիչ Մելինե Հակոբյանին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։ Նա մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար։

«Միանշանակ հազար հինգ հարյուր դոլար վերցնելու փաստը հերքում է Մարինե Մալախյանը իր հայտարարությամբ՝ մեղքը չընդունելով», - փոխանցեց փաստաբանը։

Փաստերի ստուգման հարթակի հրապարակած և մեծ աղմուկ հանած ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչ Մելինե Հակոբյանը խոսում մի կնոջ հետ, որին դիմում է որպես Մարինա Գրիգորևնա, և պահանջում իրեն խոստացված դասաժամերը։ Լսվում է, թե մյուս կինը ինչպես է դժգոհում կորոնավիրուսից հետո ստեղծված վիճակից, նկատում, որ այլ դպրոցներում ավելի շատ գումար կտար։ Հակոբյանի՝ մի քանի ամսով դասաժամեր տրամադրելու խնդրանքին էլ բացասական է արձագագում։

Ձերբակալվելուց առաջ սկանդալի կիզակետում հայտնված դպրոցի տնօրենը «Ազատության» հետ զրույցում կասկած էր հայտնել, թե ձայնագրության մեջ իր ձայնն է. - «Ես ձայնագրությունը հետո որ լսեցի, ասացի՝ հարգելի կոլեգաներ, սա ի՞մ ձայնն է, գուցե սա մոնտա՞ժ է արվել»...

Նրա փաստաբանն ասաց, թե իր պաշտպանյալի հետ դեռ չի հասցրել քննարկել՝ ձայնագրության մեջ նրա՞ ձայնն է, թե ոչ։ Նաև հավելեց՝ խնդրահարույց է նաև գաղտնի արված ձայնագրությունը, դեռևս չի կարող ասել՝ արդյո՞ք թույլատրելի է այդ ապացույցը. - «Անթույլատրելի ապացույցի չափանիշներ կան։ Քանի ես էդ ձայնագրության ստացման, կատարման և դրա վերարտադրման, բովանդակության առումով որևիցե տվյալ չունեմ էս պահին, կդժվարանամ ձեր հարցին պատասխանել»։

«Ազատության» հարցին՝ այդպիսի խոսակցություն ձեր մեջ տեղի ունեցե՞լ է, Մարինե Մալախյանը պատասխանել էր. - «Ոչ այնպիսի, ինչպիսին ինքը ներկայացնում է, միայն դա եմ ասել»: Նրա խոսքով, բովանդակային փոփոխություններ են եղել. - «Վստահաբար եմ ասում դա Ձեզ, վստահաբար»:

Կաշառքի դեպքը հերքել էր նաև փոխտնօրեն Հասմիկ Կանջարովան, ում անունը ևս շոշափվում է ձայնագրության մեջ։ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Կանջարովան մեղադրյալ է կաշառքի միջնորդության համար, ստորագրություն է տվել չբացակայելու մասին։

Ըստ իրավապահների, կաշառք տված ուսուցիչը պնդել է իրենը՝ հաստատելով, որ գումար է տվել և գնալու է մինչև վերջ՝ իր ասածը ապացուցելու համար։ «Ազատության» հետ զրույցում Մելինե Հակոբյանը նույնն էր ասել։

Քրեական օրենսգիրքը հանցագործություն է որակում նաև կաշառք տալը, բայց կան որոշ բացառություններ։ Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը այդ մասին մինչև իրավապահներին հայտնի դառնալը եռօրյա ժամկետում ինքն է դիմել է իրավապահներին։

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, կաշառք տվողը ազատվում է պատասխանատվությունից, եթե զղջացել է և աջակցել է իրավապահներին։ Գլխավոր դատախազի խորհրդականը ևս փոխանցեց՝ օրենքը մեղմացնող հանգամանքներ նախատեսում է։

Օրենքով կաշառք տալու և ստանալու համար նախատեսվում է 3-7 տարով ազատազրկում։

XS
SM
MD
LG