ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է` սահմանվում է կորոնավիրուսի տարածումը զսպելու նոր պարտադրանք՝ ցանկացած հիմնարկում, որտեղ աշխատում է 100-ից ավելի մարդ, աշխատողները պետք է պատվաստվեն կամ ամեն շաբաթ ներկայացնեն ստուգման բացասական արդյունքով տեղեկանք:
Բայդենը քննադատել է մոտ 80 միլիոն ամերիկացիներին, ովքեր առայսօր չեն պատվաստվել, չնայած այն հանգամանքին, որ պատվաստումն անվճար է, ամենուր կան պատվաստման կենտրոններ, և առկա են անհրաժեշտ թվով դեղաչափեր:
«Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունն էլ սահման ունի, ձեր կողմից վակցինան մերժելը երկրի վրա թանկ է նստում»,- ասել է Բայդենը, նշելով, որ ԱՄՆ-ում մեծ տարածում է գրանցում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, աճել է ախտահարումների, հիվանդանոցներ դիմելու և մահվան դեպքերի թիվը:
Բայդենն ընդգծել է, որ նոր ախտահարումների գերիշխող մեծամասնությունը գրանցվում է չպատվաստված բնակիչների շրջանում:
Նոր հրամանագրով պատվաստումը պարտադիր է դառնում ԱՄՆ բոլոր դաշնային հիմնարկների աշխատողների համար, ովքեր մինչ այդ կարող են ընտրել պատվաստվելու կամ տեղեկանք ներկայացնելու տարբերակներից մեկը:
Հանրապետականներն անմիջապես քննադատել են Բայդենին, ասելով, թե նախագահը գերազանցում է պաշտոնեական լիազորությունները: Հանրապետականների ազգային կոմիտեն հայտնել է, որ վակցինացիայի պարտադրանքը կանխելու համար դատ է հարուցելու Սպիտակ տան դեմ: