Լոռու մարզի Փամբակ գետի վրա նոր հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագծով այսօր Փամբակ գյուղ էին եկել «Բեսթ հիդրո սիսթեմ» և «Հիդրոէներգետիկա» ընկերությունների ղեկավարները։
Հանրային լսում էր, որտեղ խոստացան, թե Փամբակի նույնանուն գետի հաշվին էլեկտրաէներգիա կարտադրեն արդիական տեխնոլոգիաներով, գետին ու շրջակա միջավայրին էլ վնասներ չեն հասցնի։ Գետի հունի վրա կկառուցվի ջրահավաք ավազան, հետո 7 կմ այն կանցնի խողովակների միջով մինչև Վահագնաձոր, որտեղ էլ կառուցվելու է Հիդրոկայանը, ասաց ՀԷԿ-ի նախագծող «Հիդրոէներգետիկա» ընկերության տնօրեն Ինեսա Գաբայանը։
«Ժողովուրդն այդ կորուստները չի ստանալու, շրջակա միջավայրն այդ ահավոր վնասները չի ստանալու», - ասաց Գաբայանը:
«Բեսթ հիդրո սիսթեմ» նորաստեղծ ընկերության հիմնադիրն ու տնօրենը Ստեփանակերտի քաղաքացիներ են։ Ընկերությունը հիմնադրվել է այս տարեսկզբին և նախկինում որևէ գործունեություն չի ծավալել, «Ազատությանն» ասաց տնօրեն Վարդան Ներսիսյանը։ Համայնքապետ Սամսոն Ուլիխանյանին վստահեցրել են՝ լուրջ ներդրումներով են գալիս Լոռի։
«Բյուջեին գումար կփոխանցեն հողի վարձակալության համար, դրան ավելացրած աշխատատեղեր կբացվի և իրենց տնտեսած գումարներից, իրենց եկամուտներից գյուղին բավականաչափ կօգնեն», - նշեց Ուլիխանյանը:
Հանրային քննարկմանը ներկա բնապահպանները, մինչդեռ, մտավախություն հայտնեցին. Լոռու մարզում գործող 28 ՀԷԿ-երի մեծ մասը հովանավորչությամբ ու մեծ խախտումներով են գործել։ Հայաստանի ամենամեծ հզորություն ունեցող փոքր ՀԷԿ-ը՝ «ՁորաՀԷԿ»-ը, որ տարեկան միլիոնավոր դոլարների օգուտ է ստանում, չնչին հարկեր է վճարում համայնքին, որտեղ գործում է։
Այս պահին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՁորաՀԷԿ»-ի շուրջ քրեական գործ կա։ Իրավապահները պարզել էին, որ կասկածելի գործարքի արդյունքում շուկայականից 3 միլիոն դոլար պակաս գնով է օտարվել Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հիդրոկայանը։ Գործով 5 մեղադրյալներ կան՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նրա տեղակալը և հանձնաժողովի երկու անդամներ։ Բոլոր նախկին պաշտոնյաներն էլ մեղադրանքը չեն ընդունում, գործով որևէ մեկը կալանավորված չէ։
Ի՞նչ երաշխիք կա, որ նոր կառուցվող ՀԷԿ-ը ևս չիրականացվող խոստումներով գյուղ կգա, ասաց «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը. «Արդյունքում ի՞նչ է ստացվում, համայնքը հարստահարվում է, հարստահարվում է բնությունը, բնապահպանական լուրջ աղետի առաջ է կանգնում գյուղը, մի հոգի հարստանում է, հետո ինքը սկսում է պատմել, որ ես վարկ եմ վերցրել, էս եմ արել, էն եմ արել, էն, որ ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև էս գյուղի յուրաքանչյուր բնակիչ հատատ ունի վարկ»:
Բնապահպան, տարիներ շարունակ Գուգարքի անտառտնտեսությունը ղեկավարած Վահան Մխիթարյանը հիշատակեց Հայաստանում արտադրական նպատակների համար անապատացված տարածքները, անհետացած գետերն ու չորացած կիրճերը։ Մտահոգ է՝ հետագա սերունդները նմանատիպ նոր օրինակներ չունենան։
«Ինչպես բոլոր հանքավայրերը, որ, շատ կներեք, թքած ունեն օրենքի վրա, հիմա նույն ձևի ջրային ռեսուրսների հետ կապված ես գիտեմ մարդիկ, ով ինչքան հիդրոկաններ ունի Հայաստանում, ով է այդ մաֆիայի մեջ, բոլորին ճանաչում եմ, բայց այսօր բերեք այնպես անենք, որ այս գեղատեսիլ գետը....., այսինքն կարա այսքան տեղը կտրվի ձկան զարգացումը», - ասաց բնապահպանը:
ՀէԿ-ի նախագիծը կազմող Հիդրոէներգետիկա ընկերության տնօրեն Ինեսա Գաբայանն ասաց՝ շրջակա միջավայրի ազդեցության իրենց նախնական եզրակացությամբ ՀԷԿ-ը գետին վնաս չի տալու՝ ձկնուղին պահանջված կարգով կապահովեն, ջուրը՝ սահմանված չափով կօգտագործեն։
«Ինձ թվում է՝ այսօր շատ ավելի կարևոր է հետպատերազմյան Հայաստանի առջև ծառացած խնդիրների տեսանկյունից նայենք: Եթե մինչև պատերազմը մենք մի քիչ մեզ ավելի շատ, թույլ տվեք ասել, երես առած երկրի պես էինք պահում, այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք մի քիչ փոխենք մեր մոտեցումը, տեսանկյունը», - ընդգծեց Գաբոյանը:
Բնապահպանները պահանջ դրեցին՝ խոստումներին համաձայնագրի տեսք տալ, որպեսզի հետագայում դրանք չիրականացնելու դեպքում գործունեությունը դադարեցնելու հիմքեր ունենան:
Ծրագրի ղեկավարները խոստացան ծրագիրը վերջնական տեսքի բերելուց հետո այն ավելի մանրամասն ներկայացնել համայնքի բնակիչներին։
Երեկ կառավարությունը հրապարակեց օրենքի մի նախագիծ, որով Վանաձորին մոտ գտնվող Փամբակը նախատեսվում է խոշորացնել։ Լոռու մարզի 15 գյուղեր կմիավորվեն, որոնց կենտրոնը կդառնա Փամբակը։