ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն այսօր ասել է, որ Դուշանբեում սեպտեմբերի 16-ին կայանալիք գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի Օպերատիվ արձագանքման ուժերն արդիական զենքով զինելու ծրագիրը:
«Հիմա շատ կարևոր է կենտրոնանալ Օպերատիվ արձագանքման համատեղ ուժերին արդիական զինատեսակներ և տեխնիկա տրամադրելու վրա: Այդօրինակ ծրագիրն արդեն համաձայնեցվել է, ստացել է պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների հավանությունը և ամսի 16-ին կներկայացվի ՀԱՊԿ երկրների ղեկավարներին», - ասել է Սեմերիկովը:
Նա նշել է, որ օգոստոսի 23-ին ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկել և հանձնարարականներ են տվել Աֆղանստանի զարգացումներից բխող վտանգները չեզոքացնելու, այդ թվում՝ փախստականների հնարավոր հոսքը դեպի ՀԱՊԿ տարածք զսպելու համար:
«Այս բոլոր հարցերը մենք սեպտեմբերի 15-ին և 16-ին կզեկուցենք պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, անվտանգության խորհուրդների քարտուղարներին, ինչից հետո էլ կներկայացնենք պետությունների ղեկավարներին», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: