Մատչելիության հղումներ

Հայկական կողմը պարտվել է հնացած ՀՕՊ համակարգերի և ստորաբաժանումների միջև պատշաճ կոորդինացիայի բացակայության պատճառով. ռուս վերլուծաբաններ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման քայլերի մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Շարլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Շարլ Միշելը իր հերթին Թվիթերում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և տարածաշրջանում խաղաղության հետագա պահպանման համար փոխադարձ վստահության եւ երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը:

Այսօր ղարաբաղյան թեմային անդրադրաձել է նաև ռուսաստանյան «Գազետա. ռու»-ն։ «Փոթորիկ Կովկասում. ինչպես են պատերազմել Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղում» ծավալուն հոդվածի հեղինակը ծանոթացել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի զեկույցին և դրանից հատվածներ է մեջբերել։

Ռուսաստանցի վերլուծաբանները պարզել են, որ հայկական կողմը անցած տարվա պատերազմում պարտվել է նախ և առաջ ՀՕՊ համակարգերի հնացած լինելու և ռազմական գործողությունների ժամանակ հայկական տարբեր ստորաբաժանումների միջև պատշաճ կոորդինացիայի բացակայության պատճառով։

Վերլուծաբանները գրում են, որ հայկական կողմը չի ունեցել ժամանակակից ՀՕՊ, մեծամասմամբ միայն 90-ականներին ձեռք բերված համակարգեր էին։ Նույնիսկ «Բուկ» համակարգերը, որ ցուցադրվել էին Երևանում 2017 զորահանդեսի ժամանակ, կենտրոնի աղբյուրների պնդմամբ, հայկական կողմին չէին պատկանում. - «Մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմի սկսվելը Հայաստանը փաստացի չուներ այդ համակարգերը։ Ցուցադրված զենիթահրթիռային համալիրները փոխառվել են Գյումրիի ռուսական ռազմակայանից և ներկվել հայկական զինված ուժերի քողարկման գույներով, իսկ զորահանդեսից հետո վերադարձվել են»:

Բացի այս, հայկական կողմը չի կարողացել համակարգել իր ՀՕՊ ուժերն ու ավիացիան։ Կենտրոնի փորձագետների կարծիքով, լուրջ խնդիր էր նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության գիծը կառուցել էր 90-ականներին և անփոփոխ էր մնացել նույնիսկ ապրիլյան պատերզմից հետո։

Զեկույցում նշված է, որ այդ պաշտպանական գծերի ստեղծումից ի վեր գրեթե անփոփոխ են գործել Ստեփանակերտի եւ Շուշիի մատույցներում տեղակայված հենակետերը, ինչպես նաև մի շարք այլ ամրություններ ու հրամանատարական կետեր:

«Դա զգալիորեն պարզեցրել է ադրբեջանական կողմի հիմնական նպատակների սահմանումը և կետային հարվածների օգտագործումը։ Բացի այդ, հաղորդվում էր, որ մարտական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում հայերը լուրջ ջանքեր չեն գործադրել իրենց տեխնիկան օդային հարվածներից քողարկելու համար», - ասված է զեկույցում։

Ռազմական հարցերով ռուս փորձագետները, հղում անելով հայկական աղբյուրներին, գրում են, որ սեպտեմբերի 27-ին, ինտենսիվ գործողությունների առաջին օրվա ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ միջոցների 60 տոկոսը և հրետանու 40 տոկոսը։ Այս կայծակնային հարվածը փաստացի պայթեցրել է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծ մասը պատերազմի ամենավաղ փուլում։

Սրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակները նաև գրում են, որ Ադրբեջանը համաձայնել է կանգնեցնել պատերազմը ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով, այլև այն պատճառով, որ մասամբ սպառել էր անօդաչուների և զինամթերքի պաշարները։

Զեկույցի հեղինակները նաև չեն վստահում զոհերի մասին պաշտոնական Բաքվի տվյալներին. - «Ադրբեջանի զինծառայողների կորուստների մասին տվյալները հայտարարվել են պատերազմի ավարտից միայն մեկ ամիս անց և անսպասելի լուրջ են եղել։ 2021-ի հունիսին պաշտոնական ցուցակում 2 հազար 900 զոհ և 14 անհետ կորած կա, սակայն մի քանի անգամ մեծ կորուստներ է ցույց տալիս պատերազմի սկսվելուց առաջ և հետո Ադրբեջանի գերեզմանատների արբանյակային լուսանկարների համեմատական ուսումնասիրությունը»։

XS
SM
MD
LG