Մարզում քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվող միակ հիվանդանոցի 225 հազար դոլարանոց բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարքը հնարավորություն կտա ախտորոշել ցանկացած հիվանդություն, «Ազատությանն» ասաց կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը. - «Բավականին կհեշտացնի ախտորոշել ցանկացած հիվանդություն, այդ թվում և քովիդ հետազոտություն, որովհետև քովիթի թիրախ օրգանը թոքերն են հիմնականում, և ռենտգեն սարքի միջոցով մենք կարող ենք իրականացնել բարձրակարգ սպասարկում»։
Այսօր բժշկական կենտրոն էին այցելել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Դեսպանն ասաց, որ քովիդի բուժման համար կարևոր նշանակություն ունեցող սարքը Սպիտակի բժշկական կենտրոնին նվիրաբերելու նախաձեռնությունը հնարավոր է դարձել դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և Հայաստանի առողջապահության նախարարության երկարամյա գործընկերության արդյունքում. - «Մենք հուսով ենք, որ այս սարքավորման առկայությունը կբարելավի ձեր կարողությունները ավելի արագ արձագանքել նոր կորոնավիրուսի հետագա դեպքերին։ Թե՛ դեսպանատունը և թե՛ Հայաստանի կառավարությունը ջանում են ուժեղացնել ճգնաժամերին արձագանքելու նախարարության հնարավորությունները»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում շեշտեց, թե քովիդն աշխարհի առաջ որքանով որ մարտահրավեր էր, նույնքան էլ հնարավորություն էր։ Հայաստանի համար այն առողջապահության համակարգի վրա ուշադրությունը սևեռելու, զարգացնելու և ավելի պատրաստված դարձնելու հնարավորություն էր. - «Սպիտակի բժշկական կենտրոնը հենց էդպես է վերաբերվել քովիդի մարտահրավերին։ Վերցրել է այս բարդ, դժվար պարտավորությունը և պատվով տանում է առաջ։ Մենք ունենք մի էսպիսի տենդենց՝ Երևանից շատ քաղաքացիներ ուզում են բուժվել Սպիտակի բժշկական կենտրոնում»։
«Սպիտակի 100 տեղանոց հիվանդանոցում այսօր բուժվում է 106 քովիդով վարակված անձ, որոնք ունեն հիվանդանոցային պայմաններում բուժվելու կարիք», - նշեց բժշկական կենտրոնի տնօրենը՝ շարունակելով. - «Որից տասնութը ծանրագույն հիվանդներ են, տասը՝ ապարատային շնչառությամբ»։
Այսօր Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին Ղարաբաղյան խնդրի կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Փոխանցեց, որ թեմային կանդրադառնա գրավոր ձևաչափով։