Մատչելիության հղումներ

«Մենք ուրիշ տեղ չենք գնալու, մինչև կյանքներիս վերջ կմնանք էստեղ». Թաղավարդի բնակիչ


Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում ապրող Ալավերդյանները իրենց առօրյա գործերով էին զբաղված, երբ լսեցին ադրբեջանական կողմից իրենց տան ուղղությամբ կրակոցները։ Ընտանիքի հայրը՝ Մհեր Ալավերդյանն ասում է, որ թիրախը մանկական սենյակն էր։ Կրակոցներից վնասվել է տան պատը և պատուհանները։

«Մի տարեկան, երկու ամսեկան... իրա սենյակի վրա են խփել։ Մանկական սենյակի վրա են խփել, որտեղ եղել ա երեխես, ու հենց դուրս ա էկել, հետևից էդ մոմենտին խփել են», - պատմեց Մհերը։

Պատերազմից հետո Թաղավարդի մի մասը ադրբեջանական կողմում է։ Ալավերդյանի խոսքով, այստեղ գրեթե ամեն օր կրակոցների ձայներ են լսվում. - «Շարունակում ենք էստեղ մնալ, որովհետև մենք ուրիշ տեղ չենք գնալու, մինչև կյանքներիս վերջ կմնանք էստեղ»։

Թաղավարդի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանն ասում է, որ արդեն մի քանի օր է, ինչ կրակոցները հենց գյուղի ուղղությամբ են։ Թեև տեղեկացնում են ռուս խաղաղապահներին, բայց միևնույն է կրակոցները շարունակվում են։ Խաչատրյանի փոխանցմամբ, դրանք հիմնականում երեկոյան ժամերին են լինում։

Ռուսական խաղաղապահ առաքելությունը, ի դեպ, այս միջադեպի մասին դեռ ոչինչ չի հաղորդել։ Միջադեպի մասին առաջինը հաղորդել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան կրակել են ոչ միայն Կարմի շուկա ու Թաղավարդ բնակավայրերի, այլ նաև այնտեղ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ըստ Ղարաբաղի օմբուդսմենի, կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ չկան, նյութական վնաս չի արձանագրվել։

«Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։ Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։ Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ», - նշել է Արցախի օմբուդսմենը։

Արցախում կրակոցների մասին ժամանակ առ ժամանակ հաղորդումներ լինում են։ Օրինակ, օգոստոսի վերջին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Թաղավարդում տեղակայված մարտական դիրքում ժամկետային զինծառայող է վիրավորվել։
Նախորդ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ մեղադրելով հայկական կողմին, թե գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը։ Հայկական կողմը հերքել էր այս տեղեկատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG