Այսօր գրող, գրաքննադատ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը կդառնար 82 տարեկան: Այսօր Գրողների միությունում մեր հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց անվանի, բազմավաստակ մտավորականին, որն իր մահկանացուն կնքեց սեպտեմբերի 3-ին՝ այդպես էլ չկարողանալով հաղթահարել աշխարհում մոլեգնող համավարակը:
«Ալեքսանդր Թոփչյանի կորուստը շատ մեծ ցավ է մեզ համար՝ գրական ընտանիքի և առհասարակ մշակութային ընտանիքի, Հայաստանի։ Ինքը երիտասարդ տարիներից մշտազվարթ, նոր գաղափարներով, մի մարտական, գրականության պահապանի և գրական նորարարության հունը բացողի կերպար ուներ։ Այդ օգին Ալեքսանդրի՝ և' աշխարհի մշակույթի մարդ, և' Հայաստանի... իր ստեղծածը մշտապես մնայուն է», - նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Մշակույթի գծով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ընդգծելով Ալեքսանդր Թոփչյանի առաջադեմ գրականագիտական հայացքների նշանակությունը մեր գրականության զարգացման ընթացքում, շեշտեց. - «Հսկայական ներդրում ունի հատկապես թարգմանական արվեստում, թուրքահայ, արևմտահայ գրականության հանրայնացման գործում։ Մի կիրթ ներկայություն պակասեց մեր իրականությունից, մեր միջավայրից»։
Գրաքննադատ, գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ հիշում էր, որ բազմաթիվ գրական բանավեճեր են ունեցել, բայց դրանից չեն չարացել միմյանց դեմ, ինչպես որ հիմա շատ հաճախ է պատահում. - «Գրականության, մշակույթի մարդ էր։ Թարգմանություններ էր անում, վերջին շրջանում հատկապես վեպեր էր գրում։ Եվ այդ ամենը իր տեղն ունի մեր ժամանակակից գրական կյանքում։ Ինքը գրական ներկայություն էր։ Անկախ նրանից, որ եղել են վեճեր, բանավեճեր, դրանք երկրորդական են դառնում ժամանակի ընթացքում»։
«Գրականությունը մեծ կորուստ ունեցավ», - համոզված է արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը. - «Սա ձևական չեմ ասում։ Որովհետև Ալիկ Թոփչյանը վաթսունականներից մեր մոդեռն, առաջընթացի գրականության թիկունքին էր կանգնած, որովհետև իր հոդվածներով այդ ժամանակվա պրոգրեսիվ պոետներին քարոզում էր, ներկայացնում էր... և էդպես մինչև էսօր։ Հա'մ թարգմանիչ հրաշալի, հա'մ գրող հրաշալի, մտավորական, գրաքննադատ»։
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն ասաց. - «Սա այն դեպքն է, երբ մեր գրականագիտությունը խորը, մեծ կորուստ կրեց։ Ալեքսանդր Թոփչյանի նման մարդկանց ժամանակին անվանել են լուսավորիչներ, հանրագիտարանային մարդիկ։ Մի մարդ, որ վաթսունական թվականների գրականությունը գրականագիտական խոսքով բարձրացրեց այն աստիճանի, որ դարձավ նշաձոգ ոչ միայն իր սերնդակիցների տերը, պաշտպանը, ջատագովը դարձավ։ Մինչև իր կյանքի վերջին օրերը ինքը անընդհատ ստեղծվող գրականության կողքին էր, ցանկացած ջահելի գիրք, որտեղ որևէ, անգամ փոքրիկ հույս ու շող կար, աչքից չէր վրիպում։ Շատերը կան, այդ թվում նաև ես, որ առաջինը ինձ տեսել է, առաջինը գնահատման խոսքը ասել է Ալեքսանդր Թոփչյանը։ Նա ինձ համար գրականագետի այն կերպարն է, որը ստեղծում է մի ամբողջ ժամանակաշրջան։ Իսկապես կորուստը անդառնալի է, բայց նրա գրականագիտությունը, նրա ստեղծած գրականությունը, նրա ստեղծած թատերագրությունը իր տեղն ունեն մեր գրականության մեջ»։