Այսպես, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու և նրա թիմակիցների մշակած «Խելացի ընտրություն» կայքի հղումները անհետացել են Yandex-ի որոնման արդյունքներից այն բանից հետո, երբ Ռոսկոմնադզորը «Խելացի ընտրություն» կայքը ներառել է արգելված կայքերի ցուցակում:
«Խելացի ընտրություն» կայքը Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով ավելացվել է արգելված կայքերի ցուցակում, քանի որ այն կապ ունի Նավալնիի Կոռուպցիայի դեմ հիմնադրամի հետ, որն ավելի վաղ ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել Ռուսաստանի տարածքում։ Ռոսկոմնադզորը կարծում է, որ «Խելացի ընտրություն» կայքն օգտագործվում է «ծայրահեղական կազմակերպության գործունեությունն ու միջոցառումների անցկացումը շարունակելու համար»:
Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն, որոնման համակարգերը պարտավոր են բացառել կայքերի հղումները, եթե դրանք հայտնվում են «Ռոսկոմնադզոր»-ի արգելված կայքերի ցուցակում:
Հիշեցնենք, «Խելացի ընտրության» ռազմավարությունը պարզ է: Քանի որ ընդդիմությունը հնարավորություն չունի մասնակցելու ընտրություններին, Նավալնիի թիմը մոնիթորինգ էր անում և պարզում, թե այս կամ ընտրատեղամասում որ թեկնածուն ավելի մեծ շանսեր ունի հաղթելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցչին, և իրենց կողմնակիցներին կոչ էին անում գնալ ընտրատեղամասեր և քվեարկել այդ թեկնածուի օգտին, նույնիսկ եթե այդ թեկնածուն կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն է։
Այս ռազմավարությունը Ռուսաստանի լիբերալների մի մասը քննադատում էին՝ պնդելով, թե կոմունիստները Պուտինի կուսակցության ներկայացուցիչներից լավը չեն։ Այդուամենայնիվ ռազմավարությունը աշխատում էր, այն փոձարկվել է թե' դաշնային, թե' տեղական ընտրությունների ժամանակ։
Այս տարի իշխանությունները նախ արգելել էին Նավալնիի հետ կապված բոլոր կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանում, սահմանափակել էին մի շարք անկախ լրատվամիջոցների գործունեությունը՝ նրանց ներառելով արտասահմանյան գործակալների ցանկում, և այսօր էլ արդեն Նավալնիի թիմակիցների և նրանց ռազմավարության դեմ պայքար են սկսել արդեն համացանցում։
Եվ ոչ միայն Yandex-ում։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) հաջողվել է YouTube-ում արգելափակել նախընտրական բանավեճի մի հատված։ Այդ տեսագրությունում «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Մաքսիմ Շևչենկոն իշխանություններից պահանջում է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին: Բանավեճը ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով:
Ինչպես հայտնում է «Դոժդը», ВГТРК-ն, որին պատկանում են «Ռոսիա 1» և «Ռոսիա 24» ընկերությունները, օգտվել է հեղինակային իրավունքի կանոններից, որոնց համաձայն սեփականատերերը կարող են կառավարել իրենց կոնտենտը համացանցում՝ ներառյալ այն արգելափակելը։
Համացանցում իշխանությունների համար ոչ ցանկալի տարրերի դեմ պայքարը միակ գործիքը չէ, որին դիմում են Ռուսաստանի իշխանությունները և նրանց սպասարկող ուժերը նախըտնրական այս շրջանում։ Զավեշտալի սկանդալ է օրերս տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Ընդդիմադիր գործչից ձայներ տանելու համար երկու տղամարդ ընտրություններից առաջ փոխել են իրենց անունները և նույնիսկ արտաքինը և գրանցվել որպես թեկնածու Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ընտրություններում։ Կատարվածն այնքան զավեշտալի է, որ նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովան ստիպված է եղել իր դժգոհությունը հայտնել Սանկտ Պետերբուրգում ստեղծված իրավիճակից: Օրենսդիր ժողովի ընտրություններին այստեղ գրանցվում է միանգամից երեք Բորիս Վիշնևսկի: Ավելին, պաստառների վրա նրանցից երկուսը պատկերված են այնպես, որ հնարավորինս մոտ լինեն Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր և լիբերալ «Յաբլոկո» կուսակցության թեկնածու, հայտնի քաղաքական գործիչ Բորիս Վիշնևսկուն: Պամֆիլովան խնդրել է Պետերբուրգի քաղաքային ընտրական հանձնաժողովի ղեկավարին փոխարինել պաստառները: Նա նաև դիմել է կեղծ Բորիս Վիշնևսկիներին՝ կոչ անելով չմասնակցել ընտրություններին:
«Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ասում են, որ այս դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող էր ոչ թե դիմել, այլ պարզապես արգելել նրանց մասնակցությունը ընտրություններին և հանել նրանց անունները ընտրացուցակից։
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ընտրությունները տեղի են ունենալու Դումայի ընտրություններին զուգահեռ՝ հաջորդ շաբաթվա վերջին: Այս ընտրությունները, վերլուծաբաններից շատերի կարծիքով, չնայած իշխանությունների բոլոր ջանքերին, հեշտ չեն լինելու իշխանությունների համար։ Ցածր վարկանիշ ունեցող իշխող կուսակցությանը օգնության են եկել նույնիսկ Ռուսաստանի ամենահայտնի և ամենաճանաչելի գործիչները՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ովքեր գլխավորում են «Եդինայա Ռոսիա» կուսակցության դաշնային ցուցակը։
Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը սակայն ասում է, որ չնայած այս ամենին, սահմանադրական մեծամասնություն ստանալը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար բարդ է լինելու. - ««Եդինայա Ռոսիան» անպայման կհավաքի ձայների կեսը: Արդյո՞ք սահմանադրական մեծամասնությունը կհաղթահարի, դա վիճելի հարց է: Բայց սա բոլորովին կարևոր չէ, քանի որ տեխնիկական տեսանկյունից Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կամ «Արդար Ռուսաստանը» հարկ եղած դեպքում օգնության կհասնեն իշխող կուսակցությանը: Կամ նույն կոմունիստները: Բայց հարցը սիմվոլիզմի մեջ է: Պուտինը և «Եդինայա Ռոսիան» պետք է հաղթեն համոզիչ և խոշոր տարբերությամբ: Ես վախենում եմ, որ դա չի ստացվի, կամ հույս ունեմ, որ չի ստացվի»: