Մատչելիության հղումներ

Առաջին դեղաչափն ստանալուց հետո առնվազն գոնե 20-25 օր պետք է անցնի, որ անձը պատրաստ լինի վարակին. Գայանե Սահակյան


Ամբողջ աշխարհում դեռ շարունակվում է լարված համաճարակային իրավիճակը, կայունացում դեռ չունենք, Հայաստանն էլ բացառություն չէ, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

«Օրական դեպքերի թվի աճ կա, և ունենք նաև մահճակալային ֆոնդի գերծանրաբեռնված վիճակ», - նշեց նա:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը լարված է մնում»

Ամբողջ աշխարհում դեռ շարունակվում է լարված մնալ համաճարակային իրավիճակը, կայունացում դեռ չունենք, Հայաստանն էլ բացառություն չէ, ասում է ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Ըստ նրա` Հայաստանում օրական գրանցվող թվերը գրեթե նույն մակարդակի են, սակայն սա ոչինչ չի նշանակում, և չի բացառվում, որ դեպքերի աճ լինի առաջիկայում:

Քանի տոկոսն է պատվաստվել. տվյալներ

Ամբողջ բնակչության առումով պատվաստումների առաջին դեղաչափը ստացել է առնվազն մոտ 6.8 տոկոսը ՀՀ-ում, իսկ ամբողջական` երկու դեղաչափ ստացածների թիվը շատ ավելի փոքր է, ասաց Գայանե Սահակյանը:

Չափահաս բնակչության հաշվարկով, ըստ նրա, մոտ 10 տոկոսի է հասնում այդ թիվը, իսկ 5.5 տոկոսը արդեն երկրորդ դեղաչափն է ստացել: «Իհարկե, ցածր է, և մենք տարածաշրջանում հետին հերթում ենք, նույնը աշխարհի մակարդակով` բավականին հետ ենք մնում: Ամենալավ կանխարգելիչ միջոցառումը պատվաստումն է», - նկատեց Գայանե Սահակյանը` հավելելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանում առկա է չորս պատվաստանյութ:

Այս պահին խնդիր կա «Սպուտնիկ»-ի մատակարարման հետ

«Այս պահին մենք խնդիր ունենք «Սպուտնիկ»-ի հետ այն առումով, որ պետությունը հայտը ներկայացրել է, բանակցությունները բարձր մակարդակով իրականացվել են, բայց մատակարարման հստակ ժամկետներ մենք չգիտենք», - ասաց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը:

Ինչ վերաբերում է նոր ակնկալվող պատվաստանյութերին, նա հայտնեց. «Մենք «Փֆայզերի» հետ բանակցությունները շարունակում ենք: Այն ամենը, ինչ նախարարության հնարավորությունների սահմանում էր, մենք արել ենք, բայց քանի որ արտադրողը մատակարարման խնդիրներ ունի, հստակ ժամկետներ չեմ կարող ասել: Առաջիկայում ակնկալում ենք հոկտեմբերի մեջ «Ջոնսըն անդ Ջոնսըն»:

Առաջին դեղաչափն ստանալուց հետո առնվազն գոնե 20-25 օր պետք է անցնի, որ անձը պատրաստ լինի վարակին

Օգտատերերից մեկի հարցին, թե մեկ դեղաչափով պատվաստվելուց հետո վարակվելու պարագայում որքանո՞վ կպաշտպանի՞ պատվաստանյութը, նա պատասխանեց. «Կախված է, թե մարդը երբ կվարակվի, եթե պատվաստումից մեկ ամիս հետո վարակվի, այն ամեն դեպքում իր արդյունքը կունենա, մեկ դեղաչափն ստանալուց հետո առնվազն գոնե 20-25 օր պետք է անցնի, որ պատրաստ լինի վարակին, բայց սովորաբար անգամ մեկ դեղաչափից հետո մարդն ավելի թեթև է տանում»:

Իսկ ե՞րբ պետք է ստանա երկրորդ դեղաչափ պատվաստման համար նախատեսված ժամեկտից օրեր առաջ վարակված անձը, բանախոսն ասում է` ԱՀԿ-ի կողմից կա ընդհանուր մի դիրքորոշում, երբ մարդը վարակվելուց հետո երբ արդեն իրեն լավ է զգում, կարող է պատվաստել, բայց քանի որ շատ երկրներում կա պատվաստանյութի հասանելիություն, երկիրն է որոշում` 3 ամիս հետո, 6 ամիս հետո:

«Դելտա» շտամի մասին

«Դելտա» շտամի մասին Գայանե Սահակյանն ասաց, որ այն իր ծանրությունն ու թիրախային խումբն է փոխել, սակայն էլի ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, ԱՀԿ-ն ևս հորդորում է արագացնել պատվաստումների տեմպը:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG