Մատչելիության հղումներ

Ըստ Խուրշուդյանի` այն, որ հարցվածների 63 տոկոսը գոհ է ԱԺ ընտրությունների արդյունքներից, վկայում է` ճգնաժամը լուծված է


Հայաստանցիների 63 տոկոսը գոհ է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, 29 տոկոսը` դժգոհ, իսկ 8 տոկոսն էլ դժվարանում է պատասխանել։ Սա Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ հետընտրական շրջանում՝ հուլիսին անցկացրած հարցման տվյալներն են։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ասում է՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը փաստում է՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է, թեև ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիների թիվն էլ քիչ չէ։

«Եթե բացարձակ մեծամասնությունը դրական է գնահատում ընտրությունների արդյունքները, դա նշանակում է, որ կա որոշակի բավարարվածություն հասարակության մեջ, իսկ նրանք, ովքեր բացասական են գնահատում, կարող են դժգոհ լինել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Միշտ էլ դժգոհություն լինում է ընտրությունների արդյունքներից, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այն ուժը, որը փոքրամասնություն եղավ ընտրությունների ժամանակ, իշխանություն չկարողացավ վերցնել, այսինքն` այն, ինչ որ նպատակադրվել էր, այդ ուժի կողմնակիցները կարող են, բնականաբար, դժգոհ մնալ, մանավանդ որ բավականին արմատական էին տրամադրված», - ասում է նա:

Անվտանգության հարցերի լուծումը նոր կառավարության առաջնահերթություն է համարել հարցվածների 56 տոկոսը, խորհրդարանի համար ռազմական ոլորտն առաջնահերթ է համարել քաղաքացիների 11 տոկոսը։ Հայաստանցիները կարևորել են նաև սոցիալական հարցերի բարելավումը, բանակի հզորացումը, տնտեսական զարգացումն ու գերիների վերադարձը։ Քաղհասարակության ներկայացուցիչները բնական են համարում, որ հետպատերազմական իրավիճակում հասարակության շրջանում առաջնային են դարձել հենց անվտանգությանն ու բանակին առնչվող հարցերը։

«Անվտանգային հարցերը, բնականաբար, առաջնային են, և դա հասկանալի է, մարդիկ մտահոգ են շարունակվող լարվածությամբ սահմաններին, և էլ չեմ խոսում նրա մասին, որ Արցախի հարցում ևս կան անորոշություններ լրջագույն, թե ինչ ձևով պետք է լուծվի, կարգավորվի արցախյան հիմնախնդիրը, և ինչ կլինի 4 տարի հետո, երբ մոտենա խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտը», - նկատում է Խուրշուդյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է. «Մենք բոլորս հասկացանք, որ մենք տասնամյակներ շարունակ ինչ-որ առումով ինքներս մեզ խաբում էինք առ այն, որ բանակի մարտունակությունը շատ բարձր է, և որ նոր պատերազմ, և բոլորս հավատում էինք ի վերջո այն միֆին, որ նոր պատերազմ, նոր տարածքներ: Եվ անցյալ տարվա արդյունքներով մենք տեսանք, որ ցավոք, դա այդպես չէ, և հիմա անվտանգության կարիքը կա, անվտանգության զգացման կարիքը մարդիկ իրոք ունեն»:

Հարցված հայաստանցիների գրեթե կեսը, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի, հավատում է, որ ապագան ավելի լավը կլինի, կամ հույս ունի, որ որոշ չափով ավելի լավը կլինի, իսկ 29 տոկոսն էլ անապահովության զգացում, անհանգստություն ունի ապագայի նկատմամբ, իսկ 17 տոկոսն էլ լիակատար հիասթափված է կամ հավատ չունի ապագայի նկատմամբ։

«Մարդկանց համար դժվար է դրական տրամադրվելն ապագայի նկատմամբ»

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ մարդկանց համար դժվար է դրական տրամադրվելն ապագայի նկատմամբ, երբ շարունակվում են սահմանային լարվածություններն, ու շուրջ 4 ամիս է՝ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ ու դուրս չի գալիս. «Ես հույս ունեմ, որ դա ժամանակի ընթացքում կնորմալիզացվի, և մարդիկ կսկսեն հույս ունենալ ապագայի նկատմամբ, որովհետև ի վերջո դա շատ ուժեղ վնասում է տնտեսությանը, տնտեսական աճին, որտեղ մարդիկ հակված չեն լինում փող ծախսել, ներդրումներ կատարել, երկարաժամկետ պլաններ ունենալու, երեխա ունենալու, տուն առնելու և այլն»:

Հարցվածների 41 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, 34-ի կարծիքով՝ սխալ ուղղությամբ։ 25 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ սա վկայում է, որ մարդկանց մոտ դեռ անորոշություն է տիրում. «Մենք տեսնում ենք անորոշություն մի զգալի մասի մոտ հասարակության, այսինքն` չեն կողմնորոշվում` ճիշտ ուղղությամբ է գնում երկիրը, թե սխալ, բայց ամեն դեպքում կան պոզիտիվ միտումներ, դա արդեն հուսադրող է, որովհետև կարևոր է հասարակության մեջ դրական լիցքերի ավելացումը, որը կմոտիվացնի աշխատանքի, արարելու, պետությունը, երկիրը հզորացնելու: Հիասթափված, հուսալքված վիճակները ոչ մի լավ բանի չեն բերում»:

Պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դեռևս հանրային նորմալ քննարկում չի ձևավորվել, թե ինչու հետևանքներն այսպիսին եղան, դա է պատճառը, որ մարդկանց մոտ անորոշ տրամադրություններ են, կարծում է Դանիել Իոաննիսյանը. «Այս ամեն ինչի չքննարկելը նաև նպաստում է դրան, որ մարդիկ չեն կարողանում նաև օբյեկտիվորեն գնահատել, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք մենք շարժվում, ընդ որում հետաքրքիր կորելացիաներ կան, օրինակ` հարցման մեջ առ այն, որ այն անձինք, ովքեր համարում են, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է շարժվում, ավելի բացասաբար են տրամադրված վակցինացիայի նկատմամբ և ավելի շատ են հավատում վակցինացիայի վերաբերյալ տարբեր անհեթեթ միֆերին»:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումն անցկացվել է հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Դրան մասնակցել է 18 տարին լրացած 1504 քաղաքացի Երևանից ու մարզերից։









Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG