Մատչելիության հղումներ

Գյումրիում «Սպենդիարյան 150» փառատոնին երկու պրեմիերա է նախատեսված


Այս տարի նշվում է հայ մեծագույն կոմպոզիտորներից Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնացույցում: Արդեն իսկ հրաշալի համերգներ և այլ իրադարձություններ են տեղի ունեցել հոբելյանական ծրագրերի շրջանակներում:

Իսկ այսօր և վաղը Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրիիում ևս արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա մասնակցել հոբելյանական միջոցառումների՝ «Սպենդիարյան 150» խորագրով երաժշտական փառատոնի շրջանակներում: Տարվա ընթացքում կայացած և դեռ կայանալիք մշակութային ամենատարբեր և բազմաբնույթ նախաձեռնությունների և մտահաղացումների հեղինակը Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն է:

«Այս փառատոնն ինքնանպատակ չի, սա ձև չէ, սա բովանդակություն է: Մեր նպատակն է, որ մենք շատ կատարենք Սպենդիարյան: Սպենդիարյանի տուն-թանգարանի վերջին տարիների քաղաքականությունը գնում է նրան, որ Սպենդիարիյանի թե սիմֆոնիկ ստեղծագործությունները, թե կամերային ժանրի ստեղծագործությունները մեր երաժիշտները ներգրավեն իրենց ծրագրերում», - ասաց նա:

Ինչպես փառատոնի բացման արարողությունից առաջ հրավիրած ասուլիսին նշում էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը, Գյումրիիում մեծ կոմպոզիտորին նվիրված հոբեյանական երաժշտական փառատոն անցկացնելու իր առաջարկին անմիջապես արձագանքել են բազմաթիվ արվեստագետներ, որոնց թվում և այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսիք են աշխարհի հեղինակավոր բեմերում հանդես եկող երգիներ Բարսեղ Թումանյանն ու Մագդա Մկրտչյանը, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանն ու Հայկ Մելիքյանը, Կոմիտասի անվան լարային պետական քառյակը` Էդվարդ Թադևոսյանի ղեկավարությամբ, նաև երիտասարդ երաժիշտներ:

«Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում փառատոն է, որն իր մեջ ներառում է գիտական մասը, այսինքն` Գյումրիի կոնսերվատորիայում կայանալու է դասախոսություն, ֆիլմերի ցուցադրություն և համերգ ամսի 4-ին, և ամսի 5-ին Գյումրիի մեր ժողովրդական լեզվով ասած Ձիթողցոնց տան բակում բացօթյա երեկոյան ժամը 8-ին կայանալու է մի աննախադեպ համերգ, որին մասնակցելու են մեր հայ անվանի երաժիշտները և նրանց հետ նաև մեր պատանի երաժիշտները: Մենք ցանկացել ենք կայացնել մշակութային երկխոսությունը, և սրանով նաև ցանկացել ենք ապահովել Սպենդիարյանի ստեղծագործությունների շարունակականությունը»:

Դաշնակահար Հայկ Մելիքյանի խոսքով` Գյուրմիում կայանալիք երաժշտական այս փառատոնին մասնակցության հրավերը հրաշալի առիթ էր կատարելու Սպենդիարյանի գործերը. «Ես երբեք չէի պատկերացնի, որ Սպենդիարյանի ստեղծագործությունները կմտնեն իմ նվագացանկ, որովհետև երբեք առիթ չեմ ունեցել նվագելու, կատարելու Սպենդիարյանի ստեղծագործությունները, բայց շնորհակալ եմ Մարինե Օթարյանին, որ առիթ եղավ: Զանգահարեց ինձ և հրավիրեց մասնակցելու «Սպենդիարյան 150» երաժշտական փառատոնին: Եվ ես անմիջապես անցա գործի:

Իհարկե, բոլորս գիտենք «Ալմաստ» օպերան, մենք կրթվել ենք դրանով, բայց դաշնամուրային ստեղծագործություններին ես շատ ծանոթ չէի, և կարծես դա ինձ համար բացահայտում էր»:

Բարսեղ Թումանյանն էլ վերհիշում է, որ դեռ ուսանողության տարիներից է երգել Նադիր Շահի արիան Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից. «Մենք մեր հայկական երաժշտությունը քիչ ենք լսում, քիչ ենք ունկնդրում, 150-ամյակը չպետք է լինի, որ մենք կարևորենք, ուրախանանք, փառատոնի վերածենք: Մեզ համար ամեն մի լսելը, ամեն մի ունկնդրությունը պետք է փառաբանվի, որովհետև երաժշտությունն ինքը փառք է, փառաբանություն է, մարդու հոգևոր աշխարհի գեղեցիկ մեկնաբանումն է: Սպենդիարյանի հարմոնիաները, նրա երաժշտությունը շատ հատուկ է, ինքնատիպ լինելը, հզոր լինելը, իր ձեռագիրը»:

Հավելենք, որ փառատոնի ընթացքում տեղի են ունենալու նաև պրեմիերաներ:

«Երկու պրեմիերա ենք ունենալու մեկ օրվա մեջ, մեկը լինելու է «Գուշակուհին» Սպենդիարյանի ստեղծագործություններից, որը կատարելու են Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի սաները, և երկրորդ ստեղծագործությունը Հայկ Մելիքյանի հեղինակած Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից Ալմաստի պարը: Հայկն արել է դաշնամուրային փոխադրումը, և այդ օրը մենք առաջին անգամ ուկնդրելու ենք: Ծրագրի մեջ ներառված են կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները հիմնականում, լսելու ենք ռոմանսներ: Ես կարծում եմ, որ մեր վաղվա ծրագրում հավաքված է Սպենդիարյանի կամերային ստեղծագործություններից լավագույն ստեղծագործությունները, և կարծում եմ, որ մենք մեր ունկնդիրներին, մեր լսողներին, ընդհանրապես Գյումրու երաժշտասեր, արվեստասեր հասարակությանը կտեղափոխենք Սպենդիարյանի երաժշտության աշխարհ: Այնպես որ, շատ լավ ծրագիր է», - ներկայացրեց Մարինե Օթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG